Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՏԸ ԳՅՈԻՂ

Աշխարհագրական հնավանդ սովորության դեմ խոսած չլլու. համար՝ պարտավոր ենք ըսել, թե այս գյուղն ալ ունի յուր արևելքն, արևմուտքն, հյուսիսն և հարավն. բայց մեր խիղճն ալ հարգելու համար կստիպվինք խոստովանելու, որ արևելքին, արևմուտքին և հյուսիսին գոյությունն անվանական է. հարավն է միայն, որ կը տիրե այս գեղին վրա։ Հյուսիսն իսկ եթե երբեմն քանի մը խոսք ընել ուզե՝ հարավին բերնով կը խոսի։ Արևն հոս հարավային կողմեն կելնե և հարավային կողմեն կը մտնե, վերջապես ամեն բան հարավ է հոս։


Այս տողերը գրելով մեր նպատակն է իմացունել արգո հասարակության, որ ձմեռվան եղանակին մեջ այս գյուղն երթալ փափագողներն ամառվան հագուստ հագնելու են, իսկ ամառվան տաք օրերուն մեջ երթալ ուզողները մերկ երթալու են հոն, այսինքն տեքոլթե հագնելու են։


Մաճսուսիյեյի ընկերությունն յուր ճամբորդներն զովացնելու համար է, որ այնպիսի ձևով շոգենավներ կը բանեցունե, որոնք միշտ ծովու ալիքներ կընդունին իրենց մեջ, որով ճամբորդները ծովու ջրով կը լվացվին և կը զովանան: Եթե այս չըլլար՝ ճամբորդները տաքեն կը մարեին։


Այս գյուղն այնչափ օրհնյալ գյուղ մէ, որ քանի մը տարիներն առաջ, երբ հրեային մեկը գուշակություն ընելով ըսավ, թե գետնին տակ պիտի անցնի այն գյուղն, որու անվան սկզբնատառը գ է՝ ամեն մարդ միաբերան պոռաց, թե Գատը գյուղն ըլլալու է այդ գյուղը։ Հրեային գուշակությունը չելավ, բայց ի՞նչ օգուտ, գեղին պատիվը հրապարակի վրա