Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաղիս բնակիչներն ընդհանրապես հարուստ են և ընդհանրապես մեկ ձիթապտուղը, կըսեն, չորս պատառ կընեն, տնտեսագիտությունն մինչև այս աստիճան հառաջ գնացած է. բայց շատ հարուստներ այս ալ շռայլություն համարելով որոշած են սեղանի վրա մեկ ձիթապտուղ միայն դնել։


Քանի մը հարուստներուն համար ալ արևը սովորականեն երեք ժամ վերջը կը ծագի, երբեմն ալ բնավ չծագիր, և այդ հարուստներն մինչև երեկո քնանալով՝ գիջերը կարթնանան և կսկսին իրենց բրեֆային:


Ուրիշ թաղերու հետ բաղդատմամբ՝ օղիի և գինիի գործածությունը քիչ է հոս, ընդհանրապես գոնյաք կը գործածվի։


Իգական սեռն գոնյաքի տեղ բամբասանք կը գործածե և առանց ջուրի։ Իրարու ետևե զիրար գետինը կանցունեն, իսկ երբ դեմ առ դեմ գան՝ զիրար երկինք կը բարձրացունեն:


Եթե գործ չունիս՝ եկո՛ւր սա պատուհանին առջև քիչ մը կայնինք ու մտիկ ընենք։


— Տիկին Քաթի՛կ, օրիորդ Աղավնին տեսա՞ր երեկ:


— Բարով խերով չտեսնեի, ատ որչափ ճերմակ քսված էր... գլուխն ալյուրի պարկին մե՞ջ է խոթեր, ի՛նչ է ըրեր:


— Անանկ ալ շրջազգեստ մը հագած էր, որ չորս կողմը բաց էր։


— Թերևս քումաշթ պակսած է։


— Գոնե ոտները պզտիկ ըլլային:


— Այսուամենայնիվ սատանան շատ գեղեցիկ է:


— Գեղեցկությունն ալ ո՞ւր է ատոր... երեսը բնավ տեսնել չեմ ուզեր, կռողը տեսնե։


Ահա օրիորդ Աղավնին դուռը կը զարնե այն տան, ուր այս խոսակցությունր կըլլա։


— Բարի եկաք, օրիորդ Աղավնի, աս ո՞ւր եք. հիմա տիկին Քաթիկին քեզի համար կը խոսեի և կըսեի, թե օրիորդ Աղավնին մեզի բոլորովին մոռցավ։


— Ես ձեզի կը մոռնա՞մ, ամեն օր գալ կուզեմ, բայց տան գործերը թող չեն տար: (Մեկուսի) Կռողը տանի երկուքնիդ ալ: