ՍԵԼԱՄՍԸԶ
Ահա վիճաբանելու, հայհոյելու և իրարու գլուխ պատռելու հարմարություն ունեցող թաղ մը, որու մեջ մարդս եթե վայրկյան մը մնա՝ ինքզինքն Ազգային երեսփոխանական ժողովո մեջ կը կարծե և դուրս ելնելու ճար մը կը մտածե։ Հարցուր սա թաղեցվույն, թե ինչ է այս անսպառ վիճաբանություեներու պատճառն, և վստահ եղիր, որ հետևյալ պատասխան պիտի առնես.
«Սահմանադրության գործադրություն»:
Այս թաղին մեջ մտնալուդ պես՝ գինետունն մը հետևյալ խոսակցությունը պիտի լսես.
— Այս շաբաթ անպատճառ փոխելու է։
— Այո՛, ես ալ ձեր կարծիքեն եմ, վար առնելու է և տեղը ուրիշ մը դնելու է: Թաղական Խորհուրդ ընտրվողը գործ տեսնելու է։
— Ասանկ Թաղական խորհուրդություն չըլլար:
— Ներեցե՛ք, բարեկամ, Թաղական Խորհուրդը դեռ երկու օր է, որ պաշտոնի անցավ... սպասեցեք, նայինք ի՞նչ պիտի ընե...:
Թանի օր կուզե թող ըլլա. փոխանակադիր ընդունել տալու չենք, որ օր համրենք։
— Եվ դեռ գործ մը չտեսավ որ...
— Տեսա՞ր խելացի խոսքը... գործ մը տեսած չըլլալուն համար պետք է որ իյնա, մենք Թաղական Խորհուրդ ընտրեցինք, որ վարժարանները բարեկարգն, թաղին գործերը կար—