Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գադրե, մեկ-երկու գանձապետներու քով մնացած դրամն ուզե...


— Երկու օրվան մեջ ի՞նչ կրնա ըլլալ, եղբայր...


— Երկու օրվան մեջ ի՞նչ կրնա ըլլալ... երկու օրվան մեջ գանձապետին մեկը թաղականին ամբողջ ստակը պարպեց... շիշ մը օղի բեր ծո, ինձի մի՛ բարկացներ, Աստվածդ սիրես. քիչ մալ մեզե բեր։


— Ես ալ համակարծիք եմ բարեկամիս... շիշ մալ ինձի ղրկե, Հակոբիկ։


— Թաղին մեջ քանի խաղաղություն ըլլա, վարժարանները շտկվին կըսենք նե՝ միշտ բան մը կելլա... ազգերնիս անոր համար ետետ կերթա կոր ա՛...— օխա մը ճերմակ գինիեն ղրկե ինձ, վարպետ... սեր և միություն ըլլա նե՝ գեշ կըլլա... գինիի հետ քիչ մալ ձուկ ղրկե...— Որո՞ւ պիտի հասկցնես, ամեն մարդ մեկ կողմ կը քաշե, կենդանությո՜ւն... ի՜նչ պատվական գինի... փոխենք, եղբա՛յր, փոխենք սա Թաղական Խորհուրդը և տեղը մեր ծանոթներեն քանի մը հոգի դնենք...


— Սա Տ... աղան դնենք, մոտերս շատ ինկած է խեղճը, տունը օխա մը ածուխ առնելու համար դրամ չունի. ան ալ մեր ազգն է, թո՛ղ քանի մը ղուրուշ ալ ան վաստկի։


— Սա շիշը լեցո՛ւր, ծո... չեմ ըսեր որ Տ... աղան չվաստկի, բայց մեր ալ վիճակն աղեկ չէ, եղբա՛յր... գործերը շատ դադրած են։


— Իմ կարծիքս ալ սա է, որ Սահմանադրութենեն դռնե մեր ածուխին ու փայտին ստակը հանենք... բայց Սահմանադրությունն ալ գործադրվելու է... Սահմանադրության դեմ եղողն իմ առաջին թշնամիս է... մեղք է Սահմանադրության, թեպետև Տ... աղային ալ մեղք է։


— Ելե՛ք, ազգային դեղարանը երթանք և հոն լուծենք խնդիրնիս։


— Շատ աղեկ։


Տեսարանն է ազգային դեղարանին մեջ։


— Բարև, էֆենտի։