Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեք կուսակցություն կա հոս, կեդրոնական, աջակողմյան և ձախակողմյան։


Կեդրոնականն է՝ թաղական տապալող, աջակողմյանն է՝ վայրահաջ մասն, որ քահանաներու գործիք է, իսկ ձախակողմյանն է՝ անտարբեր մասը, որ միշտ խոհեմություն կը համարի լռելն։


Թաղեցվույն բարեպաշտությանը գալով՝ կրնաք շուտով հասկնալ զայն, երբ ըսեմ ձեզ, թե կիրակի օրերը եկեղեցվո մեջ երկու հարյուրե ավելի մարդ չըլլար, և ժողովրդյան մեջ շրջաբերության հանված գանձանակին մեջ ալ հազիվ յոթանասունը հինգ փարա կը գոյանա։ Այս եկեղեցին տասը քահանա ունի. Աստված ամենն ալ անփորձ պահեսցե և սելամսըզցիին պարգևեսցե։ Եկեղեցվո խաչահանգստին ջուրը երկու տեսակ է, մեկն անարատ է, իսկ մյուսը նենգված։ Անարատին գինը քիչ մը սուղ է, իսկ մյուսը ձրի է, ուզածիդ չափ կրնաս խմել։ Առաջին տեսակեն ուղողն լուսարարին կը դիմե. որ անմիջապես կերթա և պահած տեղեն կը բերե, երկրորդ տեսակեն խմել ուզողը գլուխն եկեղեցվո ջըշեղջին վրա դրված դույլին կերկնցնե և ուզածին չափ կը խմե. այդ ջուրն ախորժակ կր բանա եղեր։


Հոս ալ թաղային վարժարանն ետ երթալու մասին կը մրցի մյուս թաղային վարժարաններու հետ, և շատերը կը հուսան, թե առաջին մրցանակն աս պիտի վաստկի։


Քանի մը տարիներ առաջ սովորություն կար հոս՝ օրը երեք ընկերություն կազմել... տարվան մը մեջ երեք հազարի չափ ընկերություններ կազմվեցան... դպրոցներ բարեկարգելու ընկերություն, ընթերցասիրություն տարածելու ընկերություն, ծխախոտը ձգելու և ափիոն կլլելու ընկերություն, ընկերություններ կազմելու ընկերություն, գիրք հրատարակելու ընկերություն, գիրք չկարդալու ընկերություն, որ մեկը համրեմ. բայց ասոնց ամենն ալ խոտի պես անցան գնացին։ Հիմա հատ մը միայն կա, որու անունն է Կրթասիրաց ընկերություն, բայց գործը չգիտենք տակավին, և չգիտնալու իրավունք ունինք, վասնզի դեռ նոր է, տղա է և Աստված գիտե մեծնա-