Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


լիքը։ Մեր փափագն է, որ գոնե այդ ընկերությունն յուր նախորդներուն չնմանի։


Սկյուտարցին ուր որ ալ ըլլա շուտ կը ճանչցվի։ Երբ կը տեսնես մարդ մը, որ լեցուն ճերմակ տոպրակ մը ունի ձեռքը գիտցիր, որ մարդը սկյուտարցի է, և եթե չէ՝ մոտերս անպատճառ սկյուտարցի պիտի ըլլա։


Սկյուտարցին յուր կյանքին մեջ բնավ չըսեր յուր մեկ մտերիմ բարեկամին կամ ազգականին. «Այս գիշեր մեր տունը հրամմե, կերակուրը մեկ տեղ ուտենք»։ Բայց յուր կյանքին ամեն օրերու մեջ ըսելե չդադրիր այն մարդուն որուն երեսը կյանքին մեջ անգամ մը տեսած է. «Գիշեր մը խնճույք մը ըրե՛ ու զիս ալ հրավիրե եղբայր, ի՞նչ կըլլա, մենք ալ օտարական չենք»։


Գինետունները հոս այնչափ համակրություն և քաջալերություն գտած են, որ հանդդնած են եկեղեցվույն քիթը մտնել, այնքան մոտեցած են անոր։ Գինետուններուն հաճախորդները Արամյան զավակներն են, որ գիշերվան երեքին տուն կը դառնան, վասնզի, ինչպես ըսինք՝ ազգային վիճաբանությունները գինետան մեջ տեղի կունենան և ան ալ ժամը երկուքեն վերջը։ Ժամը երկուքեն առաջ վիճաբանությունն արգիլված է. երկու ժամ շարունակ օղի կը խմվի և ետքը ատենապետն գինեպանը զանգակ հնչեցնելով՝ դիվանին պատրաստված և ատենին բացված ըլլալն կը հայտնե։


Սկյուտարցիին նմանը չկա առևտուրի մեջ. Պոլսո կողմը Սելամսըզցին լավ հմտություն և կատարյալ տեղեկություն ունի ածուխին վրա. ուստի երբ ձմեռվան համար ածուխ առնելու երթաք՝ սելամսըզցի մը առեք ձեր հետը և թող տվեք, որ ան ընե ընտրությունը։ Ածուխդ առի՞ր, մնաք բարովք ըսե ու գործդ գնա՛։


Սելամսըզցի ժողովուրդն ընդհանրապես բարձր ձայնով կը խոսի կամ կը հայհոյե, և աս ալ քաջության և անկեղծության նշան կը համարի։