Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իրարու ինչո՜ւ անվայել խոսքեր կընեք, իշու կտորներ, չե՞ք ամչնար, մենք թաղական պիտի ըլլանք, ամեն մարդ մեզմե բարի օրինակ պիտի առնե... ավանակի պես կը վարվիք իրարու հետ... արջ ու պես կը խոսիք...։


— Հիմա հորդ պառկած տեղեն կսկսիմ հա՛... քեզի ի՜նչ կըլլա կոր... մենք իրարու հետ հաշիվի մը վրայոք մարդու պես կը խօսինք կոր...


— Սա աթոռն բռնելուս պես գլխուդ կիջեցունեմ հա՛, իշու թոռ, իրարու հետ քաղաքավարությամբ խոսեցեք ըսի, ավանա՛կ, գոմեշ... գե՞շ ըսի։


Թաղականի մեջ մեկ հոգի կա միայն, որ սուրբ կամ Ծնունդի օրերը առատ-առատ ժամուց կուտա յուր քսակեն. մնացածներն ալ առատորեն ժամուց կուտային, բայց թաղականի սնտուկեն կուտային ժամանակավ, իսկ հիմա, որ թաղին մեջ իմացված է սնտուկեն ժամուց տրվիլը, սուրբ Զատկի և Ծնունդի օրերը հիշյալ թաղականներն եկեղեցիեն կանուխ կելնեն կերթան, որ չստիպվին ժամուց տայ իրենց քսակեն...


Եթե հարցվի, թե ի՞նչ է Թաղական Խորհրդո տեսած գործը՝ կը պատասխանենք, որ անոր գլխավոր գործն է չորս կալվածներե գոյացած եկամուտը հավաքել և մեկ լուսարարին ու երկու ժամ կոչին ամսական վճարել։ Եթե լուսարարին ու ժամ կոչին հրահանգ տրվի, որ իրենց ամսականներն երթան այդ կալվածները վարձողներեն առնեն ամսե ամիս՝ թաղականներուն գործ չմնար։ Չմոռնանք ըսել սակայն, որ թաղականն երկու ամիսե ի վեր թաղին վարժարանին հոգաբարձությունն յուր վրա առած է... տեր Աստված ընդունելի արասցե... Ելնոդ հոգաբարձությունը, կըսեն, ողջ ըլլա, վարժարանները բավական կործանեց և հեռացավ։ Հիշյալ հոգաբարձության անդամները երկու տարի առաջ սուրբ Ստեփանոսի տոնախմբության օրը չորս տակառ օղի և ութը տակառ գինի բերել տալով վարժարանը՝ հոն սեղան շտկեցին և մինչև երեկո այնքան օղի և գինի խմեցին, որ չկրցան քալել և տակառի պես գլտորվելով կրցան իրենց տուները մտնել։ Վարժարանին