Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշակերտներն տեսան իրենց հոգաբարձուներն նույն վիճակի մեջ և իրենք ալ գինետուն մը մտնելով մեյմեկ հատ տնկեցին ի փառս սրբույն Ստեփանոսի նախավկային։


Եկեղեցին երեք քահանա ունի, որք խոսք կառնեն այն խնդիրներու մեջ, որք հարսանիքի, կնունքի կամ ննջեցյալի հետ վերաբերություն ունին, ուրիշ խնդրո մը վրա խոսք բացված ժամանակ կը քնանան։


Թաղեցին ալ շատ հոգ չտան իր յուր վարժարանին ու եկեղեցվույն, միայն տյուզ օղիին վրա է յուր խելքը։ Թոբ գաբուցին միշտ մինչև առավոտ կը նստի գինետունը՝ յուր առջևն ունենալով տյուզի հետ քիչ մը եփած լուբիա կամ քիչ մը պտուղ եթե ոստիկաններ չգան ժամը երեքին և գինետան դուռը, զարնելով դուրս չհանեն զայն գինետունեն։ Յուր խոսակցությունը եղանակով է, կա՛մ շարքը պիտի կանչե կա՛մ մանի: Ազգային գործերուն վրա բան մի՛ հարցուներ իրեն, վասնզի սովորություն չունի ատանկ բաներու վրա խոսելու։ Իսկ եթե Կլատսթըն, Պիքոնսֆիլտ, Կրանվիլ անուններեն մին փախցունես՝ անմիջապես ապտակ մը կուտա երեսիդ ըսելով, թե ֆրանսերեն լեզվավ հայհոյած ես իրեն։ Ձայնավոր վարժապետն այս գինետունը բերելու է, որ ձայնը հանե և հոն եղողները վախցունե, որ մեյ մալ չերթան հոն։


Ուրիշ գինետան մը մեջ խումբ մը կա, որ թաղին ազնվական մասն է։ Ասոնք իրարմե մեյմեկ կանգուն հեռավորությամբ աթոռակներու վրա նստած են. իրենց առջևն ունին երեսուն փարանոց մեյմեկ շիշ տյուզ: Բնավ իրարու հետ չեն խոսիր, կարծես սրդողած են իրարու, իրենց երեսը կախած լռիկ մնջիկ իրենց շիշը պարպելու և նորեն լեցնել տալու կը նային։ Այնպիսի ձևով մը և պարկեշտությամբ մը կը խմեն, որ կարծես թե օղի խմելն պարտավորիչ է, և մեծ պատիժի պիտի ենթարկվին եթե կաթիլ մը օղի մնա շիշերուն մեջ։ Լռությունը կանոնավոր կերպով կը տիրե հոն... մեկը աչերը վեր առնելով յուր քովինին օղիի շիշին չնայիր. հոն արտասանված խոսքերն են բարի իրիկուն, սա լեցուր, գիշեր բարի: