Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՏԻԿ ՓԱՇԱ

Այս թաղին ազգայիններն իրարու խոսք չեն հասկնար լեզուները խառնված են հոն, վասնզի վերջին հրդեհեն ի վեր Պոլսո բոլոր թաղերեն, ինչպես նաև գավառացի ազգայիններեն գաղթականություն հաստատված է հոս։


Ինչպես որ աշտարակը շինողներն իրարու լեզու չհասկնալնուն համար չկրցին աշտարակին շինությունն ավարտել, այնպես ալ ասոնք դեռ չհաջողեցան իրենց վարժարանին շինությունն ավարտել։


Յոթը կամ ութը ամիս է, որ ձեռնարկած են վարժարանի շինության, առանց անոր ծախքը նախապես հոգալու, ի սկզբան այնպես կարծած են ասոնք, որ վարժարանի հիմը դրվելուն պես՝ ուրիշ բան չմնար ընելու, եթե ոչ առավոտ երեկո քիչ մը ջուր տալ շենքին արմատին, որ բույսի պես աճի ու բարձրանա։ Ուստի հիմը դրվելուն պես թաղեցին ուրախացավ, որ վարժարանի խնդիրն ալ լուծվեցավ, և սպասեց, որ ինքնիրմե բարձրանա։ Իսկ երբ տեսավ, որ սխալած է յուր կարծիքին մեջ՝ սկսավ ասդին անդին վազել դրամ ճարելու համար: Շատ ծանր կերպով բարձրացավ այս շենքը. կես կանգուն բարձրանալուն պես՝ երկու ամիս դադար կառներ և կսպասեր, որ թաղեցին դրամ ճարե և նորեն սկսի բարձրանալ. եթե մեկ կանգուն բարձրանար՝ չորս ամիս կսպասեր։ Հիմա որ բավական բարձրացած է՝ դարձյալ կսպասե, որ պատուհաններու համար ապակի ճարեն ու բերեն։ Այս ընթացքով հուսալի է, որ մեկ-երկու տարիեն հիշյալ վարժարանն աշակերտ պիտի կրնա ընդունիլ։