Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եկեղեցիեն քիչ մը վեր թաղային սրճարանին դեմ խրճիթ մը կա, ուր կը դաստիարակվին թաղին աշակերտները, որոնց թիվը քսանհինգ կամ երեսուն է։ Դպրոցին մեջ հետևյալ դասերը կավանդվին։


Առավոտեն մինչև կես օր եկեղեցական երգերու վարժություն.


Կես օրեն վերջը ծերական, Սաղմոս, Նարեկ և քիչ մալ պնակի վրա գրավարժություն։


Այսուամենայնիվ այս վարժապետը ննջեցյալի մը լուր առնելուն պես՝ դասերը կը թողու, ննջեցյալին կը դիմե և ննջեցյալեն վերադառնալուն՝ աշակերտները ծեծելու կը ձեռնարկե: Ծեծի դասը շաբաթը երեք անգամ է և ան ալ երեկոյան դեմ։


Սուրբ Հովհաննես Ավետարանիչ անվամբ եկեղեցի մը կա հոս, որուն քարոզիչն ուրիշ մտմտուք չունի, եթե ոչ սա՝ թե ի՞նչպես կարելի է քանի մը ամիսեն եպիսկոպոսության բարձրանալ: Ամեն կիրակի քարոզ կը խոսի, ամեն քարոզին բնաբան կը դնե Ավետարանեն մեկ պարբերություն մը և քարոզը կը վերջացունե արևելյան խնդիրով։


Հոս ալ թաղական Խորհուրդն ուրիշ Թաղական խորհուրդներու պես կարևորություն չտար վարժարանին, այլ կը նայի, որ հարուստ ազգայիններեն մեկը մեռնի և անկե երեք չորս հարյուր ոսկի փրցունելով անոր մարմինն եկեղեցվո մեջ թաղե։


Անհավատալի չէ, որ երբեմն թաղականի անդամներեն մեկը յուր հարուստ բարեկամներեն մեկուն հետ խոսակցի այսպես։


— Բարեկամ, քեզի համար գեղեցիկ տեղ մը կա։


— Ո՞ւր, Վոսփո՞ր։


— Չէ, Կետիկ Փաշայի կողմը... ծովահայաց գետին մը:


— Չեմ ուզեր։


— Սքանչելի տեղ... երեկ քանի մը բարեկամներ կը խոսիինք, ամենքս ալ քեզի արժանի տեսանք այդ տեղը։ Եթե ես ստակ ունենայի՝ ես կառնեի։