Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— էրիկ ունեցողներն ալ կը փաթտվին. էրիկն ուրիշ, աս ուրիշ. աս կը տաքցունե։ Ըսենք որ ձմեռը գիշեր մը դուրս ելար, փողոցին մեջ էրկանդ չես կրնար փաթտվիլ, բայց աս կռնակդ կառնես...։


— Աբիսողո՞մ աղան։


— Թիկնոցը, տիկին... Աբիսողոմ աղան կռնակի վրա կառնվի՞։


— Մինչև հիմա թիկնոցի՞ վրա կը խոսեիր։


— Խոսքերնիս թիկնոցի վրա չէ՞ր մի... հապա դուն ի՞նչ հասկցար։


— Ես հասկցա, որ Աբիսողոմ աղային փաթտվելու է, կըսես։


— Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր Աստված, ըսավ բեռնակիրն՝ թաշկինակը քաշելով աթոռեն։


Տիկինն բեռնակրին տված բացատրութենեն գոհ ըլլալով՝ հրամայական եղանակով մըսավ.


— Աս անկողինն և սնտուկները վե՛ր հանեցեք։


Բեռնակիրներն հնազանդելով՝ բեռներն նորեն վերցուցին, և հազիվ թե սանդուղին առաջին աստիճանին վրա կոխած էին՝ տիկինն պոռաց.


— Լեռնե՞ն եկաք դուք։


— Ոչ, մեծ փողոցեն եկանք։


— Գիտեմ, որ մեծ փողոցեն եկաք, այդ ոտքի ամաններով վեր կելնրվի՞, տեսե՛ք ի՞նչ ըրիք տախտակներս, ես այսօր սրբեցի զանոնք, և հոգիս բերանս եկավ։


— Ի՞նչ ընենք, ուրիշ ոտքի աման չունինք։


— Ինչո՞ւ կայներ երեսս կը նայիք, չհանե՞ք տըվոնք։


— Մի՛ պոռար, տիկին, մի՛ պոռար, կը հանենք։


Եվ հանեցին իրենց ոտքի ամաններն, որք ավելի մաքուր էին, քան իրենց ոտներն։


— Ա՞յդ ոտքերով վեր պիտի ելնեք, կրկնեց տիկինն։


— Ուրիշ ոտք ունի՞նք, այս ոտներով պիտի ելնենք, պատասխանեցին պանդուխտներն այնպիսի խղճուկ կերպով մը, որ կարծես թե իրենց աղքատության պատճառով երկու ոտքեն