Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ըսեք մեզի հիմա, դուք ո՞ր կողմ կուզեք գետին ունենալ։


— Մենք կուզենք, որ ձեր գերեզմանատանը կեսը մերն ըլլա:


— Այդ ըլլալու բան չէ, ատոր խոսքը մի՛ ընեք...


— Ինչո՞ւ, քույրն յուր եղբորն այս ծառայությունը չկրնար ընել։


— Անկարելի է։


— Ինչո՞ւ անկարելի ըլլա, ատկե դյուրին ի՞նչ կրնա ըլլալ...


— Մեր գերեզմանատունն ի՞նչպես ձերինը կրնա ըլլալ...


— Գիշերվան մը մեջ մեր Պալըքչըյի գերեզմանատունեն գերեզմանաքարեր բերել կուտանք, կը դնենք, և հետևյալ օրը կըսեք, թե հույները մաս ունին եղեր մեր գերեզմանատան մեջ։


— Ատանկ բան մը կարող ենք ընել։


— Կարո՛ղ եք հապա, դուք թաղին երևելիներն եք, մեծերն եք, դուք ամբողջ թաղն ալ կրնաք ծախել։


— Հապա մեր խի՜ղճը...


— Խիղճն ասանկ գործերու մեջ մտնելու իրավունք չունի, խղճին ապտակ մը կը զարնեք դուրս կը վռնտեք... կամ թե ձեր խղճին քանի մը ոսկի կուտաք...


Իրավունք ունիք, խղճին դպչելու բան մը չկա հոս. մեր ըրածը գողություն չէ, սպանություն չէ. եղբայրն յուր քույրեն գետին կուզե, և քույրն ալ կուտա, ասոր ո՞վ կրնա բան մը ըսել...


— Խղճի վերաբերյալ խնդիր չէ աս... փառք Աստուծո, ձեր ըրածը գողություն չէ, ազգին մեկ կալվածեն մեզի ալ բաժին պիտի հաներ։ Ավետարանը կըսե, երկու շապիկ ունեցողն մեկն ընկերին տալու է. և որովհետև դուք հոս մեկ գերեզմանատուն ունիք՝ պետք է, որ կեսը մեզի տաք... աստվածահաճո գործ մէ սա։


— Մեզի ալ այնպես կը թվի...