Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ձեր այս աստվածահաճո գործին ամբողջ վւսրձատրություն ալ պիտի ընդունիք...


— Չէ, չէ, մենք կաշառքով գործ չենք տեսներ։


— Կաշա՞ռք... Աստված չընե։


— Չենք ուզեր որ ըսեն, թե աղաները ստակ կերած են ու ազգին տեղն ուրիշին ծախած են։


— Մենք ալ չենք ուզեր։


— Ինչո՞ւ բամբասվինք։


— Ինչո՞ւ բամբասվիք... ես վարձատրություն բառը գործածելով՝ հասկցնել ուզեցի, թե Աստուծո կողմե պիտի վարձատրվիք։


— Ատոր ըսելիք չունինք, բայց կաշառք չենք ընդունիր։ Ուրիշ բան է, եթե դուք մեր տեսած գործեն գոհ ըլլաք և ձեր շնորհակալությունն հայտնելու համար մեզի դրամական նվեր մը ընեք... նայե, ատոր ըսելիք չունինք, իբրև նվեր կընդունինք, բայց իբրև կաշառք՝ բնավ երբեք ատ մեր պատվույն կը դպչի։


— Շատ լավ. մնաք բարով։


— Երթաք բարով։


— Քանի մօրեն կը տեսնվինք։


Քանի մօրեն ետքը հունական տապանաքարեր կը տեսնվին մեր գերեզմանատան մեջ. ժողովուրդն իրար կանցնի։


— Իմացա՞ր պարոն կարապետ։


— Չիմացա, ի՞նչ կա։


— Մեր գերեզմանատան մեջ հունաց քարեր կան։


— Անկարելի է:


— Ես տեսա։


— Թերևս մեր քարերը հունարենի թարգմանած են։


Ժողովուրդն աղաներու կը դիմե։


— Աղանե՛ր, ինչո՞ւ նստած եք։


— Ի՞նչ ընենք հապա։


— Գերեզմանատունը երթալու վրա է։


— Ո՞ւր։


— Չգիտենք ուր... հունաց քարեր կան։