Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաղեցվույն ընդհանուր լեզուն տաճկերեն է, իսկ աղքատներունը հայերենով խառն տաճկերեն։


Գինետուն-հաճախողները մեծ մասամբ աղքատ են և մոլի. իրենց սովորությունն է ժամը չորսին տուն դառնալ: Հարուստները չեն երթար գինետուն և չերթալու ալ պատճառ ունին. վասնզի գինետուններն իրենց տուներուն մեջ փոխադրած են։ Այս թաղին թե՛ հարուստն և թե՛ աղքատն ընդհանրապես ուտելու, խմելու, պառկելու և քնանալու համար միայն աշխարհ եկած կր կարծե զինքը։


Հոս կը բնակի պարոն Խաչատուր Միսաքյան, որուն գործերուն հրատարակությանը կսպասե դեռ ազգն։


Հոս կը բնակեր Փունջ լրագրի խմբագիր պարոն Համբարձում Ալաճաճյան, որ յուր թերթը շաբաթն երկու անգամ հրատարակել բավ կը համարի ազգին ծառայելու համար։


Այս թաղն նույնն է այսօր՝ ինչ որ էր հարյուր տարի առաջ. և եթե երիտասարդությունն թաղին գործերուն ձեռք չերկնցնե երկու դար ալ այսպես կերթա։ Ուստի սելամսըզցիին կիյնա, որ շաբաթը մեկ անգամ հսկում ընե յուր դրացվույն համար։


Շատերը կը պնդեն, թե եթե Ենի մահալլեցիք քանի մը շաբաթ ուրիշ գեղ մը փոխադրվին օդափոխության համար թաղին օդը կը փոխվի և թաղեցին ալ յար կարծիքներուն մեջ փոփոխություն զգալով քիչ մը կարթննա քունեն։


Տեղվույս քարոզիչն է Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյան, որ եպիսկոպոսանալու համար Ղալաթիո օճախը գործիք եղած է ժամանակավ, և յուր ձեռներեն բռնելով քալեցնող Հայրիկն տապալելու աշխատած է գիշեր ցերեկ... թերևս օր մը արդարանար այս մարդն, եթե աշխատակից չլիներ այնպիսի խմբակի մը, որ իրեն անձնական շահուն համար կը գործե միայն։ Արդյոք պատրիարք ըլլալու համար զո՞վ պիտի մատնե այս կրոնավորը...