Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դրամագլուխս կը կորսնցնեմ, վասնզի հիմակվան գսրծերն շատ աղեկ չեն՝ իմ բռնած ընթացքս ավելի շահավոր է:


— Իրավունք ունիք... գործ բռնելու ժամանակը չէ:


Ժամ մը կը խոսակցին գործի վրա. սպասավորն, որ տասը ոսկին բերելու գնացած էր՝ վազելով զբոսարանին առջևեն անցած ատենը ներս կը կանչվի յուր տերեն։


— Ո՞ւր է, կը հարցունե իրեն, ստակը։


— Բանալին սխալ առած եմ. փոխելու կերթամ։


— Ա՛յ ապուշ, շուտ ըրե... ապուշ սպասավորներն ալ քաշվելու բաներ չեն շիտակը. քառասուն սպասավոր վախեցի, սա քառասունըմեկերորդը պիտի ըլլա։ Խելքը գլուխը սպասավոր մը կը ճանաչե՛ք։


— Չեմ գիտեր անանկ մեկը։


Այս խոսակցության միջոցին մեր բարեկամը մեկեն ի մեկ զբոսարանեն դուրս կը ցատկե և երեսուն տարու մեկու մը վիզը կը փաթտվի և կ՝սկսի անոր հետ պագտվիլ։ Համբույրի արարողությունն լմնալուն պես՝ յուր համբույրակիցին հետ զբոսարանին դրան առջև կուգա և յուր բարեկամին կըսե.


Եղբայրս է, որ Մարսիլիայեն եկած է... հետը տուն երթամ և քառորդե մը դառնամ, ներեցեք, հազար ներումն, միլիոն ներողություն...


Մարզն մինչև այսօր կ’սպասե այդ սրճարանին մեջ սպասավորին որ մինչև այսօր բանալին չէ կրցած գտնել, բարեկամին՝ որ եղբորը հետ դեռ կը պագտվի, և տասը ոսկիին՝ որ ետ դառնալու միտք չունի։ Ահա այս դասին մեկ գործն, որու ականատես ըլլալու պատիվն ունիմ։ Տարակույս չկա, թե այս տեսակ գործերն այսօր վաճառականութենեն ավելի շահ կը բերեն՝ եթե ամեն օր պատահին։


Ուրիշ մաս մը յուր բոլոր ժամերը խաղամոլությամբ կանցունե. նարտ, թուղթ և կամ ուրիշ տեսակ խաղ մը յուր արհեստն է. ատով յուր ընտանիքը կը կերակրե կամ անոթութենե կը մեռցունե։ Այս խաղամոլներն ալ երկու կարգի կը բաժնվին, հարուստներն ոսկիով կը խաղան, աղքատներն արծաթով։