Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մաս մալ կա հոս, որ միջնորդ է կա՛մ տան, կամ սիրո և կամ երբեմն երկուքին մեկեն։


Չմոռնանք հիշել, որ ընդհանուր կանոն մէ հոս՝ շաբաթ մը անոթի մնալ և դարձյալ հին հագուստներով չպտըտիլ՝ քսան փարա չունեցողն Ռոչիլտի տղուն պես կը հագվի, և ասկից է, որ Բերան ուրիշ թաղերեն ավելի հարուստ կը կարծըվի։


Այս թաղին մեջ կը բնակին ազգին ամենեն նշանավոր հարուստ ազգայիններն, որք վերջին տարիներս իրենց քսակը բացած են բարենպատակ գործերու համար... միայն այն տեսակ բարենպատակ գործերու համար կուտան, որոնց շնորհիվ իրենց անունները լրագիրներու մեջ կը հրատարակվին և իրենք ալ կը փառավորվին. իսկ լումա մը չեն տար այն բարենպատակ գործերու համար, որք ազգին պատիվն ու փառքը կը կազմեն, վասնզի այդ լուման լրագիրներու մեջ պիտի չհրատարակվի, և մեծ անխելքություն է, որ մեկն ազգին երկու դահեկան տա և անունը լրագիրներու մեջ չհրատարակվի։ Բացառությունները մոռնալու չէ։


Կա երիտասարդություն մը, որ հինգ տարին անգամ մը կսթափի և մտքեն կանցունե կազմել ընկերություն մը եթե չկա, իսկ կործանել եթե կա։ Ատենոք համակամ ընկերություն մը կար, այժմ չիք։ Կազմված էր նաև Օժանդակ ընկերություն մը, որու նպատակն Էր աղքատ հիվանդներու ձրիաբար բժիշկ ղրկել և դեղ տալ։ Այս ընկիրությունն բավական դրամ հավաքեց, բայց ետքը անոր քանի մը անդամներն, որ աղքատ էին, հիվանդացան, և իրենց հիվանդությունն ալ ծանր ըլլալով՝ ընկերության դրամով ինքզինքնին դարմանեցին, որով ընկերությունն ալ յուր նպատակին հասած համարվեցավ։


Հոս կը բնակին ազգին ամենեն երևելի բժիշկներն։ Հոս կը գտնվին ընդհանրապես ազգին ամենեն նշանավոր հիվանդություններն, ինչպես են կալվածոց հոգաբարձության խնդիրը, Հասունյան խնդիրը և այլն։


Գարակյողյան եղբայրներուն շինելիք վարժարանը այս