Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թաղին գերեզմանական մեջ պիտի բարձրանա, եթե... քոնսոլիտները բարեհաճին բարձրանալ։


Հոս ալ թաղեցին յուր թաղականեն գոհ չըլլար երբեք և այս պատճառավ թաղականի կռիվները պակաս չեն։


Թաղային վարժարանը, Նարեկյան անուն, ուրիշ թաղային վարժարաններու հետ բաղդատելով՝ շատ խեղճ է, հարբուխե բռնված է աս, մինչդեռ մյուսները տենդե կը տանջվին:


Թաղիս մեջ չորս եկեղեցի կա. Սուրբ Երրորդութեան, Խորվիրապ, Ոսկեբերան և Սուրբ Հարություն, և այս չորս եկեղեցիներու մեջ չորս բարեպաշտ քրիստոնյա չկա։


Թաղեցին շատ զբոսասեր է. ամառվան եղանակին մեջ հասարակաց պարտեզը կամ մասնավորաց պարտեզները կերթան և ձմեռն ալ թատրոններ, պարահանդեսներ և ուրիշ զբոսարաններ կը հաճախեն։


Իգական սեռն ինքզինքը բոլորովին հայելիներուն տված է. ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով և դարերով հայելիներու առջև կը կանգնի և ինքզինքը կը գեղեցկացունե։ Բացառությունը խիստ քիչ է այս մասին։ Կիներրեն շատերն այն ատեն միայն կը հագվին, երբ դուրս ելնել կամ հյուր ընդունիլ հարկ ըլլա. իսկ եթե այս հարկը չներկայանա՝ տան մեջ գիշերազգեստով կը պտըտին. արդյոք ցերեկազգեստով կը մտնեն անկողին։


Կիներուն բամբասանքը հոս քիչ է. եթե երբեմն բամբասանք մը ընել պետք ըլլա՝ խիստ քաղաքավարությամբ կը վարվին։


— Տիկին իմացա որ Ք...-ին կինը Զ...—ին էրիկը կը սիրե եղեր, բայց կը խնդրեմ, որ այս խոսքս գաղտնի մնա քովդ։


— Վստահ եղիր, որ մեկու մը Չեմ ըսեր։


Լուր տվող տիկինը կը մեկնի, և տիկին Ք... յուր դրացույն դուռը կը զարնե։ Սպասավորը դուռը կը բանա։


— Տիկինդ վար կանչե, Մինա՛ս։


— Տիկինը չորս ժամ է, որ հագվելու համար սենյակը մտավ և տակավին չելավ: