Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շուա գնա՛, ըսե իրեն, որ տիկին Ք... եկած է և կարևոր խոսք մը ունի ըսելու։

Սպասավորը վեր կը վազե, իմաց կուտա տիկնոջն, որ հագված ըլլալով՝ վար կիջնա։


— Վեր հրամմեցեք, տիկին Ք...


— Չեմ կրնար, տիկին Շ... խոսք մը ընեմ և երթամ պիտի վասնզի գործ ունիմ տունը:


—Խե՞ր է:


— Ի՞նչպես խեր... Փ...ին կինը Զ...ին Էրիկը կը սիրե եղեր, բայց ոտքդ պագնեմ, ուրիշի մի՛ ըսեր, գաղտնի պահե. մնաք բարով:


— Ասանկ բան ուրիշին կըսվի... անհոգ եղիր։


Տիկին Ք... կը մեկնի, և տիկին Շ... սպասավորին կըսե.


— Սա հովանոցս ինձի բեր։


Հովանոցը կը բերվի, և տիկին Շ... ձախ թևի փողոցը կը մտնե և տան մը դուռը կը զարնե։ Դուռը կը բացվի, վեր կելնե և կը դիմավորվի խոշոր կնիկե մը։


— Հրամմեցեք, տիկին Շ... կըսե տան տիկինը, հրամանքնիդ. ալ հոս կուգա՞ք եղեր, ո՞ր հովը փչեց ասանկ:


—Սանկ... ի՞նչպես եք, աղե՞կ եք. ի՞նչպես է ձեր ամուսինը... Փ...—ին կինը Զ...—ին Էրիկը կը սիրե եղեր, հիմա իմացա և շատ ցավեցա։ Ոտքդ պագնեմ, չըլլա որ ուրիշի զրուցես. վասնզի ինձի ըսողն պատվիրեց, որ մեկու մը չըսեմ։


— Անհոգ եղիր, կ՛ըսե, և տիկին Շ...ին մեկնելեն անմիջապես ետքը փողոց կը վազե՝ յուր ծանոթներուն ավետիս տատալու։


Բայց իրա՞վ է, որ Փ...ին կինը Զ...ին Էրիկը կը սիրե. քավ լիցի... մեծ սուտ մէ... արդեն Փ...ին կինն յուր Էրիկն անգամ չսիրեր։ Փ...ին կինն օր մը այս լուրը ստեղծող տիկինին շրջազգեստն դիպվածով կոխած էր եկեղեցվույն մեջ և զայն քիչ մը պատռած էր. այդ տիկինն ալ Փ...ին կինեն վրեժ լուծելու համար ասանկ արատ մը ըսելու ելած էր անոր վրա։


Բերայի գեղեցիկ սեռին վրա ավելի խոսիլն ավելորդ կը համարինք, քանի որ ըսինք, թե հայելիին առջև միայն կյանք