Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Տիկինն դեռ դիտողություններն լմնցուցած չէր, և ահա յոթանասունի մոտ մարդ մը, որ բանալիով բացած էր դուռն՝ ժպիտով ներս մտավ և բարևեց տիկինը։ Այս մարդը տիկնոջ ամուսինն էր։ Յուր խորշոմած կունտ ճակատն չափեն ավելի դուրս ցցված էր և այնպիսի դեմք մը ուներ, որ կարծես, թե մեկն զայն կը խտղտեր։


Այս մարդն հազիվ թե դռան սեմեն ներս ոտք կոխած էր՝ կինն առջևն ելնելով հարցուց անոր.


— Որ էիր մինչև հիմա, մարդ Աստուծո։


— Չես ըսեր, կնի՛կ, թաղականին գործն ալ այսօր լմնցուցինք. կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվիք և բոլոր անդամները պատվավոր մարդիկ պիտի ըլլան։ Թորոս աղան ինձի քանի մը օղի խմցունելով՝ ետեես ինկավ, որ յուր ուզած մարդոցը քվե տամ, բայց ես իմ մարդոցս տվի, վասնզի իմ մարդիկս ինձի ամեն գիշեր օղի կը խմցունեն և շատ բարի և պատվավոր մարդիկ են, ուրիշներուն պես թաղին սնտուկեն ստակ չեն գողնար և դպրոցն ալ...


— Այդ խոսքերուն ատենը չէ հիմա, շուտ մը գնա, կտոր մը միս ա՛ռ։


— Թորոս աղան քիչ մը սրդողեցավ, և ասկից վերջը հետս սքամպիլ չպիտի խաղա, թո՛ղ չխաղա...։


— Ես քեզի ի՞նչ կ՝ըսեմ կոր... շուտ ըրե, գնա՛։


— Ես ալ տիրացու Մարտիրոսին հետ տամա կը խաղամ ասկից ետքը...


— Այդ խոսքերը վերջն ալ կ՝ընենք, Մանուկ աղա, գնա մսավաճառեն քիչ մը միս առ ու բեր։


— Տիրացու Մարտիրոսին գլխուն եկածը չես ըսեր, կնիկ. խեղճին կինն այս գիշեր մազ մնացեր է, որ մեռնի եղեր...


— Ինչո՞ւ։


— Մանչ մը բերեր է, բայց շատ դժվարությամբ. չորս դայակ և տասն վեց բժիշկ հազիվ կրցած են աղան առնել։


— Խեղճ կնի՛կ...


— Վաղը քիչ մը գնա՛, զինքը տե՛ս։


— Մերթամ, հիմա դուն գնա, սա մսին գործը լմնցո՛ւր։


— Այս գիշեր անպատճառ միս պե՞տք է։