Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ Ա Լ Ա Տ

Մայրաքաղաքիս թաղերուն առաջինը կը համարվի, երբ աժան գնով բանջարեղեն կամ պտուղ ծախու առնելու վրա է խնդիրը. փա՜ռք հրեա ազգին, բուսային ուտելիքն շատ վար գնով կը վաճառվի հոս։ Բայց միայն պալատցին օգուտ կը քաղե այս աժանութենե, որովհետև բերացին կամ սկյուտարցին կաղամբ կամ խնձոր դնելու համար Պալատ չկրնար երթալ, ինչպես որ ես ալ Ամերիկա չեմ երթար սնտուկ մը կազ գնելու համար։


Այս թաղին մեջ կա քար ու կիր մեծ եկեղեցի մը։ Այդ քար ու կիր շենքին անունն է Հրեշտակապետ, որ ինչպես հայտնի է մահկանացուներուս հոգիները կառնե և որ, ինչպես հայտնի չէ՝ բժիշկներու վերատեսուչը կը համարվի։ Այսուհետև ա՛լ մի զարմանար, թե ինչո՜ւ ընդհանրապես շատ համբավ կստանան այն բժիշկներն, որք ընդհանրապես շատ մարդ կը մեռցունեն, վասնզի անոնք հրեշտակապետեն պաշտպանությունը կր վայելեն։


Հրեշտակապետն էր, որ հոգին առավ Ռոտոսթոյի առաջնորդ Թադեոս եպիսկոպոսին, որու մարմինն հիշյալ եկեղեցվույն մեջ թաղված է։ Եթե գիտնայինք, որ Հրեշտակապետն մամլո ազատությունն կը հարգե, կիմացոսնեինք իրեն, որ այս ընտրության մեջ սխալած է, վասնզի Թադեոս եպիսկոպոսն ազգին շատ վնասակար,— որովհետև բնավ վնասակար շեղողը չկա, կրոնավոր մը չէր, և եթե Հրեշտակապետն անպատճառ որոշած էր կրոնավորի մը հոգին առնել մենք կըր-