Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուն Մեկալը գիտե՞ս, ի՛նչ համառ է:


— Բայց Իքը ինչ իրավունք ունի Բանին երեսն այդպես պոռալու։


— Բանն ալ իրավունք չուներ Իքը վար զարնելու։


— Ես չեմ կարծեր, որ միաձայնություն գոյանա, վասնզի Մուշտակն Իքին կողմն է, Մեծավորն ալ Բանը կը սիրն։


— Վերջին լուրն իմացա՞ք. Մեծը բան մը պիտի խոսի եղեր։


— Պզտիկը երեկ գացեր է։


— Եթե ասանկ երթա՝ իմ կարծիքովս Բանը տարիե մը Իք կըլլա։


— Իքն ալ Բան կըլլա։


— Բայց Մուշտակն ալ պիտի ըսե. «Ինձի նայեցեք. եթե Բանը Իք ըլլա՝ ես ալ Իք պիտի ընեմ, ապա թե ոչ Իք չեմ ըներ»։

— Իրավունք ունիս, շատ վարպետորդի է։ Մինչև որ Իքը Բան չընե՝ չպիտի ընդունի։ Ամիրային կարծիքն ի՞նչ է այս մասին։


— Ամիրան առաջին օրը լուր առած էր ներսեն, որ Իքը պիտի շարունակե եղեր մինչև որ Բանը գա»։


Կարծեմ բավական տեղեկություն առիք այս օրվան դեպքերուն վրա ա՛լ լրագիր կարդալու հարկ չմնաց։ Օն, ելնենք և քիչ մալ թաղային վարժարանը երթանք։


— Իքը ո՞վ է. Բանն ի՞նչ է. Մեկալը կը ճանշնա՞ս...


— Եվ ոչ մին կը ճանաչեմ... ահա թաղային վարժարանը։


— Ատոր վրա Ներսեսյան գրված է:


— Ներսեսյանին մի՛ նայիր դուն, ազգին ստակովը շինված է ան։


— Ինչո՞ւ ուրեմն Ներսեսյանը յուր անունը դրած է վրան։


— Վասնզի Ներսեսյան արքունի շինություններու մեջ աշխատող գործավորներուն շաբաթականներեն զեղջ ընելով գումար մը գոյացուց և այդ գումարը գումարելով այն գումարին հետ, զոր թաղեցին տված էր՝ շինեց այդ քար ու կիր վարժարանն, որ կանոնավոր...