Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղը Պոլսո մյուս բոլոր թաղերուն թերություններեն մեյմեկ քիչ ունի:


— Ընթերցասիրությունն ի՞նչպես է գոնե։


— Հայերեն լրագիր կարդալն արգիլված է. և այս արգելքին դեմ վարվողը կա՛մ երեք ոսկի տուգանք կը վճարե, կամ տասնհինգ օրեն մինչև ամիս մը բանտարկության կը դատապարտեի։ Հոս կը կարդացվին ընդհանրապես Թերճեմանը հաքըքաթ, Վաքըթ և ճերիտեյի հավատիս լըագիրները։


— Երիտասարդություն չկա՞ հոս։


— Չկա. «Այս թաղին կլիման, կըսեր մեկ բարեկամս, երիտասարդի մազերն շուտով կը ճերմկցունե. բայց ճերմկցնելեն վերջն ալ դեռ շատ կապրեցունես. ասոր համար երիտասարդը դեռ մազերնին չճերմկցուցած եթե ուրիշ թաղ մը երթան, և ուրիշ թաղերու մեջ մազերնին ճերմկցուցած անձինք հոս գան՝ շատ լավ և օգտակար կըլլա։


— Անհասկնալի թաղ մը։


— Մեծագույն մասն առանց օղի խմելու չկրնար հանգիստ ընել, հոս ընդհանրապես շատ կը ծխեն և քիչ կուտեն։


— Քի՞չ ուտելու համար շատ կը ծխեն, թե շատ ծխելնուն համար քիչ կուտեն։


— Առաջինը հավանական է, վասնզի կեսարացիներ կան հոս։ Քիչ կուտեն՝ բայց գեղեցիկ օդով կը սնանին։ Թաղեցին ընդհանրապես նիհար է։ Թաղս ջերմեռանդ քիչ ըլլալուն պատճառավ եկեղեցի շինված չէ հոս՝ իբրև ավելորդ ծախք, թաղեցիներեն մեկ քանին երբեմն Սելամսըզի եկեղեցին կերթան, երբեմն ալ Գուզկունճուք։


— Իգական սեռն ի՞նչպես է։


— Կիները գեղեցիկ են, բարեձև, կրթության հակամետ։ Կիներն իրենց մայրենի լեզուն Սելամսըզի կիներեն շատ աղեկ կը խոսին։ Այս թաղի կիներուն տանտիկնությունը Սկյուտարի թաղերուն և ո՛չ մեկուն մեջ տեսնված է։ Երեսի ներկը միայն քիչ մը չափեն ավելի հառաջ երթալու վրա է հոս. ծեր այրերն ալ երբեմն այս ներկեն կը գործածեն։ Նորաձևության մասին Գատը գեղցիներուն չափ հառաջ գնացած չեն-