Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ս Ա Մ Ա Թ Ի Ա

Օղի չխմողները զատվին... անոնք իրավունք չունին այս թաղը մտնելու։


Բաժնվին մեզմե նաև անոնք, որք սորված են ծառա եմ-ի. հոս ամեն մարդ տեր է, վասնզի ամենքն ալ իրենց աշխատությամբն և արհեստովը կապրին և, հետևաբար, պեյերու, էֆենտիներու ոտները լզելու պարտավոր չեն։


Մեզի հետ չգան նաև այն անձերն, որք արձակ հայհոյել գիտեն, անոնք հոս կը ծաղրվին, վասնզի սամաթիացիներուն հայհոյությունն գրեթե միշտ ոտանավոր է։


Բնավ հոս պարտելու չեն այն օրիորդներն կամ տիկիններն, որոնց երեսներուն վրա կարմիրը անպակաս է, սամաթիացին կարմիրն միշտ հավկիթներու վրա տեսնել կուզե։


Ամենևին գործ չունին հոս այն կիներն, որք ամեն քայլափոխին կես մեջքեն կը կոտրտվին թղթյա կիներուն պես, զորս հեյալը կը ներկայացնե. վասնզի սամաթիացին այնպիսիներու վրա կը խնդա։


Այս թաղին մոտենալու չեն նաև այն երիտասարդները, որք կամ շատ թեթև են և կամ շատ ծանր։


— Մարդ երթալու չէ ուրեմն հոս։


— Ինչո՞ւ։ Ամեն մարդ ստիպվա՞ծ է այդ թերություններն ունենալու։ Եկո՛ւր քեզի հետ երթանք, բայց այնպիսի փողոցե մը մտնենք, որ մեկե մը չտեսնվինք. վասնզի տեսնվելնուս պես մեր օձիքեն կը քաշեն ու գինետուն կը տանին։ Տեսնվեցանք... ահա քանի մը երիտասարդներ սա փողոցեն ելան և խնդալով մեզի կը մոտենան... մոտեցան։