Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է. ջրհանկիրներու մեջ ալ այսօր անգղիերեն կարդացողներ կը գտնվին։


— Հիմա ո՞վ կը հսկե դպրոցներու վրա։


— Այսինքն ո՞վ չհսկեր, ըսել կուզես։


— Հիմա ո՞վ է, որ չհսկեր դպրոցներուն վրա։


— Երբեմն հոգաբարձուներու և հոգաբարձուհիներու մեջ կարծիքներու անհամաձայնություն ծագած ըլլալով՝ հիմա որոշված է, որ ամուսնացած թաղականներն իրենց կիներովը չհսկեն վարժարաններու վրա։ Հիմակվան թաղականներն այնչափ օրինապահ են, որ Ընդհանուր դատախազի դրությունն կառավարութենե ընդունվելեն ի վեր՝ Թաղական Խորհրդո մեջ ալ ամեն օր հարյուրեն ավելի մասնավոր դատախազներ կը գտնվին։


— Հայկականեն զատ ընկերություն չկա՞ հոս։


— Շատ մը ընկերություններ կային ատենոք, բայց հիմա չկա։ Պարզասիրաց ընկերություն մը կա միայն, որ կիներուն պարզ հագնիլ պիտի սորվեցնել կարծեմ ասոր ալ անունը կա միայն։


— Եկեղեցասիրություն կա՞ հոս։


— Այո՛, բոլոր թաղերեն ավելի. թաղեցին հավասարապես կը սիրե ազգն և եկեղեցին, բայց ասկե հետևցնելու չէ, թե նվազ կը սիրե օղին, զոր կը խմե երեկոյան ժամը մինչև մեկ ու կեսին։ Գինետան մեջ մեկուկեսեն ավելի նստողներն կը բամբասվին, իսկ մինչև մեկ ու կես նստելով ճաթելու չափ օղի խժողներն մեծ համակրություն կը վայելեն՝ իբրև. օրինավոր մարդեր։ Եկեղեցվույն գորգերն այնչափ շատ կը համբուրվին որ ամիսն անգամ մը կը պատռվին. թաղականը այս կետը նկատողության առնելով տեսավ, որ այդ համբույրներուն գորգ չպիտի դիմանա, ուստի որոշեց գորգերը վերցնել: Ժողովուրդը հիմա հողի վրա կը կայնի և հողը կը համբուրե. թող որ եկեղեցվո հողն ալ հինցած է այդ համբույրներեն։


Սամաթիացին ցած ձայնով խոսիլ չգիտեր. թեպետև երբեմն գաղտնիք մը հաղորդելու համար ականջդ ի վայր կը խոսի, բայց դարձյալ այդ խոսքը Ենի Քաբույեն կը լսվի: