Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քնանալու համար։ Թաղեցին անգամ մը սրդողած ըլլալով վարժարանին դեմ՝ ուխտ ըրած է լումա մը չտալ անոր համար, և հիմա ուխտադրուժ չսեպվելու համար ստիպված է քսակին բերանը չբանալ յուր վարժարանին համար։


Մինչև այսօր հոս թաղային կռիվ ալ տեսնված չէ, և ասոր ալ պատճառն սա է, թե այս թաղին մեջ...


— Թաղ չկա, այնպես չէ՞։


Այս թաղին մեջ եթե մեկը սխալի և սևին ճերմակ ըսե՝ յուր դեմը չգտներ ուրիշ մեկն որ ելնե ըսե, ոչ, այդ սև է և ոչ ճերմակ։ Ահա ասանկով վիճաբանություն բնավ չըլլար, գլուխներն առաջվան պես անփոփոխ կը մնան և միայն ֆեսերը կը փոխվին, և այն ալ երկու տարին անգամ մը։


Հոս տարին երկու հարյուր հիսուն օր կը տոնեն և կը հանգչին։ Ոչ ոք կը փափագի հարստություն դիզելու, փառք վաստկելու և համբավ հանելու. ամեն մարդ կը փափագի ձուկ դիզելու, ձուկ վաստկելու և ձուկ հանելու. տկար ստամոքս ունենալով՝ ոչխարի կամ կովու միսը կը դպչի իրենց։ Եթե իրենց սիրտերուն մեջ քիչ մը դպրոցասիրության եռանդ ունին՝ ան ալ կը մարի այն գինիեն, զոր կը խմեն ձուկին վրա և որ կը թափվի իրենց եռանդին վրա։ Եթե օղի խմեին՝ թերևս եռանդն բորբոքեր, բայց ասոնք ուրիշ թաղերու ազգայիններուն պես երեկոները գինետուններու մեջ շատ չեն անցուներ, այլ քանի մը գավաթ խմելով՝ իրենց տուները կերթան։


Ասոնց սովորությունն է՝ ամեն գիշեր կամ ամեն կիրակի կամ տոնի օրերն մեյմեկ տուն հավաքվիլ և զբոսնուլ։ Ասոնց խոսակցությունն ընդհանրապես կը կազմվի նարտե կամ խաղի թուղթե։ Շատ անգամ ալ նավամատույցի զբոսարանին մեջ նարտ կը խաղան հրեաներու հետ, որոնցմե զվարճախոսության դաս ալ կառնեն Անի ոճով Նարտ կամ թուղթ խաղալու ատեն կորսնցնողը իրավունք կունենա ուզածին և կրցածին չափ հայհոյություն ընելու, վաստկողը կատարյալ լռություն պիտի պահե և երբեմն քթին տակեն պիտի խնդա, ընկերն ա՛լ ավելի բարկացնելու համար։ Հայհոյության մա—