Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ջուրի շիշ ալ չունինք... գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա, այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ։


— Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք, ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով դուրս ելավ։


— Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա...


— Ուզածիդ չափ պոռա՛, ա՛լ ետ չեմ դառնար, մռմռաք Մանուկ աղան և ճանբան շարունակեց։


Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր, երբ կնկան ձայն մը առավ, որ զինք կը կանչեր.


— Գործ չունիս նե՝ պոռալով ետևես վազե, ըսավ ինքն իրեն Մանուկ աղան, առանց գլուխը ետ դարձնելու տեսնելու համար, թե ով էր զինք կանչողը։


— Մանուկ աղա, Մանուկ աղա, կրկներ ձայնը, որ տիրացու Մարտիրոսին տասնամյա աղջկանն էր։


Մանուկ աղան շարունակեց յուր ճանբան, և տիրացու Մարտիրոսին աղջիկն՝ քայլերն փութացնելով՝ տասը քայլ հեռավորությամբ մոտեցավ անոր։ Խեղճին շունչը կտրած ըլլալով՝ անգամ մալ կրցավ պոռալ.


— Մանուկ աղա։


Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով՝ Մանուկ աղային հագուստին ծայրեն քաշելու։


— Թո՛ղ տուր, կնիկ, ըսավ Մանուկ աղան՝ առանց ետեր նայելու։


— Բան մը պիտի ըսեմ։


— Մտիկ ընելու ժամանակ չունիմ. ըսածներդ արդեն չեք կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի ըսես...


— Դայակին տունը պիտի հարցունեի...


Դայակ բառր լսելուն պես արթնցավ Մանուկ աղան և ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկը տեսնելով՝


— Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը, հարցուց անոր։


— Ա...յո... ես... պատասխաներ Աղավնին, որ հևալեն ա՛լ չէր կարող խոսիլ։