Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաղիս ազգայիններն գրեթե ընդհանրապես կա՛մ ձկնորս են, կա՛մ նավավար, կա՛մ ջրհանկիր և երբեմն ալ երեքն միանգամայն են։


Ասոնք ուրիշ թաղերու ազգայիններու պես չեն, որ կարծեն թե քաղաքական խնդիրները լուծվելուն պես՝ Պիսմարք իշխանը պիտի գա և իրենց հացագործին ստակը պիտի տա. ուստի քաղաքական գործերու վրա խոսելով չեն անցուներ իրենց ժամերը։ Ասոնց ներքին կացությունը այն ատեն կը խանգարվի, երբ տանը տիկինը հիվանդանա, և արտաքին գործերն ալ այն ատեն կը վատթարանան, երբ Ամբակում եղբայրն տկարություն ունենա և չկարենա գործի երթալ։ Երբ նավակին թին կը կոտրվի՝ Ամբակում եղբոր համար նավային ցույցի նշան է, իսկ երբ նավակը խորտակվի՝ արտաքին միջամտության նշան է, այլ երբ անառակին մեկն յուր կնկանը սիրտը գրավել փորձե՝ պատերազմ կը հրատարակե և թող չտար, որ ուրիշ մը իր երկրեն մաս մը գրավե առանց արյունահեղության։


Թաղիս ազգայինները քաջ են, ետևեդ չեն ըներ այն խոսքը, զոր չեն համարձակիր երեսդ ի վեր զրուցելու։ Հավատարիմ են իրենց խոստմանը. եթե խոստանան քեզ ապտակ միջեցնելու՝ անմիջապես կը գործադրեն զայն։


Ասոնք դպրոցասեր և եկեղեցասեր են. առանց ուսումնական ըլլալու ուսման հարգը կը ճանաչեն և իրենց զավակներու կրթությանը համար կուտան իրենցմե պահանջված գումարը, ինչպես նաև եկեղեցվույն պայծառությանը համար չեն զլանար իրենց լուման։


Ո՛չ նարտ կը խաղան և ո՛չ թուղթ, գիշերները զբոսանքի կամ մարմնամարզության համար երբեմն իրենց կիները կը ծեծեն։


Խմելով կը խմեն օղին։


Կիներն ալ ճիշտ այցերու պես են՝ աշխատասեր և անկեղծ: Ասոնց ներքինն շատ պարկեշտ է, իսկ արտաքինն, որ այլանդակ հագուստներով կը ներկայանա՝ ներքինին հակապատկերն է։ Թեև իրենց թևերը, կուրծքերը և սրունքները բացած