Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՍ ԳՅՈԻՂ

Այս գյուղն իրավունք ունի պարծենալու այն մեծ տուներովն, որոնց մեջ ամիրաներ կը բնակեին ժամանակավ և որք այժմ զորանոց եղած են մուկերու։ Հարկ չէ, կարծենք, կրկնել, թե ամիրաներու հաջորդեցին մուկերն, և հետևապես, մուկերը կը գործեն այժմ ինչ որ կը գործեին երբեմն ամիրաները։


Կենդանության նշան տված ըլլալու համար միայն այս թաղը միշտ շարժման մեջ է. շարժում՝ որ կը կայանա թաղական փոխելու, հոգարարձություն ընտրելու, դասատու փոխելու և երբեմն ալ պատրիարք փոխելու մեջ։


Թաղեցին միապետությամբ կը կառավարվեր՝ երբ Բարմաք Քաբույի բնակիչները թաղականի պաշտոն կը վարեին։ Ուրիշ փողոցներու բնակիչները չէին կարող թաղական ընտրվիլ. որովհետև Բարմաք Քաբույի աղաներն, վեց տարի թաղականություն ընելեն ետքը, երբ օրինավորապ ես հրաժարեին իրենց գահաժառանգ զավակները կը բազմեցունեին այն աթոռին վրա, որ թաղական կը կոչվի և որուն վրա նստիլ շատերը կը փափագին։ Իսկ երբ Պողոս պատրիարքին օրով մեծ հեղափոխություն տեղի ունեցավ միապետական կառավարությունն փոխվեցավ հանրապետականի։ Այս թվականեն ի վեր կոշկակարներն և ջրհանկիրներն են, որ մեծ ազդեցություն կը բանեցունեն թաղականի ընտրության վրա։ Միապետական կառավարության ատեն թաղականը վեց տարի պաշտոն կը վարեր և չէր գործեր ոչինչ, իսկ հանրապետության ատեն թաղական մը հինգ օրեն ավելի չէ կարող պաշտոն վարել։


Թաղեցին արդարև կը շարժի՝ բայց երբ զայն շարժող