Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտնվի. եթե ինք իր գլխուն ձգելու ըլլաս՝ տարիներով կը քնանա։ Թաղիս մեջ շարժող երիտասարդներ շատ կը գտնվին, երբ խնդիրք այնպիսի բանի մը վրա ըլլա՝ որու մեջ անձնական կիրք շատ գտնվի և դպրոց բնավ չգտնվի։ Երբեմն Ներսեսյան վարժարանն ընկերներուն նախանձը կը հուզեր, իսկ այսօր ընկերներուն վրա նախանձելու տրամադիր է։ ժամանակավ գեղին հրեաներեն և տաճիկներեն աշակերտ կնդուներ, իսկ այսօր անոնց վարժարաններուն աշակերտ կուտա։ Այն ատեն թաղեցին ուրիշ սիրտ ուներ։ Շատ հավանական է։


Գյուղիս ազգայինները մեծ ջանք ցույց կուտան առաջքն առնելու համար այն վնասին, որ նյութական է. իսկ մեծ անհոգություն կը ներկայացնեն այն վնասին, որ բարոյական է, չգիտնալով անշուշտ որ բարոյական վնասեն ալ կը ծագի նյութական վնաս, ինչպես որ բարոյական շատեն ալ կը ծագի նյութական շահ, կաղաչեմ, մի՛ բարկանաք, տեր երեսփոխաններ: Այսպես, երբ թաղին մեջ հրդեհ պատատի՝ ամբողջ թաղեցին տունեն դուրս կը վազե և կրակը մարելու համար կարողութենեն վեր կաշխատի, իսկ երբ վարժարանն բարոյապես մոխիր դառնա՝ ոչ մեկ թաղեցին գլուխը պատուհանեն դուրս չհաներ։ Թաղեցվույն ուշադրությունն վարժարանին վրա հրավիրելու ամենեն դյուրին և կտրուկ ճանբան, վարժարանը նախ կազով թրջելու է և լուցկիով մը բռնկցնելու է զայն, ամբողջ թաղեցին գիշերազգեստով կը վազե վարժարան և կրակը մարելու կաշխատի։ Մոռնալու չէ սակայն, որ հաս գյուղցին լուցկիի պես մեկեն ի մեկ հայրենասիրությամբ կը վառի, կը բորբոքի երբեմն. եթե այս բորբոքումեն անմիջապես օգուտ քաղես՝ կրնաս իրմե ստակ հավաքել, մանրերկրորդ մը անցնելուն պես՝ հաս գյուղցին կը մարի։ Վիեննայի ամենեն գեշ լուցկիներուն տեսակեն է Հաս գյուղցին, բռնիկիլն ու մարիլը մեկ է. մինչև իսկ երբեմն սիկառ մը վառելու համար անոնց քսան հատը մեկեն բռնկցնելու է։


Այսօր հինգ վարժարան կա գյուղիս մեջ... մրցումն որպես