Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե հառաջադիմություն պիտի արտադրեր... հինգ վարժարանեն աշակերտ մը չելներ տարին։


Հաս գյուղցին ինքնիրմե բանի մը ձեռնարկելու հանդգնություն չունի, իսկ երբ գրգռող մը ըլլա՝ այն ատեն ծայրահեղության կը դիմե։


Լուսավորյալ երիտասարդներ կան հոս, որք իրարու հետ երկար ատեն բարեկամ չեն կրնար մնալ։


Ասոնց բարեկամությունն շաբաթ մը միայն կը տևե այս պայմանաժամը լրանալուն պես իրարմե կը բաժնվին: Ես ասոնց բարեկամությունն գեշ չուխայե շինված բանթալոնի կը նմանեցնեմ. շաբաթե մը կը մաշի և օր մալ քիչ մը ուժով նստելուդ պես՝ երկուքի կը բաժնվի և շապիկդ ետևեդ կերևա: Բանթալոնին այս կերպ բաժնվելուն ընդհանրապես կըսեն «Բանթալոնս բացված է». Հասգյուղցին ալ երբ իր մեկ բարեկամե բաժանվի՝ կըսե. «Մենք բացված ենք»: Իսկ Հաս գյուղի մեջ մտերիմ բարեկամ կը ճանչցվի այն մարդն՝ որ յուր ընկերին ուրիշե մը գանակոծումը կը տեսնե և չտեսնելու համար ճանբան կը փոխե: Երբ այս մարդուն հանդիմանես յուր կամավոր կուրությունն՝ քեզի կը պատասխանե.


— Իմ սիրտս փափուկ է. երբ կը տեսնեմ որ բարեկամներես մին ցավ ունի՝ սիրտս գեշ կըլլա:


Եթե այս պատասխանով գոհ չըլլաս՝ ուրիշ մալ կու տա քեզ.


— Եղբա՛յր, ես ազատամիտ մարդ եմ. կարծիքներու ազատությունը կը հարգեմ։


Հաս գյուղցին ոչ շողոքորթ է, ո՛չ կեղծավոր և ոչ ազատախոս. բարեխառն բարք ունի:


Հարատևությունը հոս միմիայն վեճ հարուցանելու մեջ կը գտնվի։


Ասոնք երբ շոգենավ նստին՝ նախ կը խոսին սոխի վրա, ետքը խնդիր կը հարուցանեն փայտի վրա և վերջը հարցապնդումներ կընեն ածուխի վրա, մինչդեռ հրեան դրամներու գիներուն վրա կը խորհրդակցի և հույնը վաճառականության վրա։