Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԸՆԱԼԸ ԿՂԶԻ

Նախ և առաջ խոսինք այս կղզվույն մեկ հրաշագործությանը վրա, որուն ականատես եղած են շատերը։ Այս հրաշագործության վրա խոսելով՝ մեր նպատակն է ծառայություն մը մատուցանել ամեն անոնց, որք կը փափագին կղզվույս մեջ գետին ծախ ու առնել։


Գիտնալու եք, որ կղզվույս մեջ գետինները շարժուն են և կը քալեն։


— Մենք այդ հրաշքին չենք հավատար։


— Թերահավատ եք ուրեմն։


— Թերահավատությունն չենք ընդունիր։


— Շատախոսություն ընելու ժամանակ չունիմ ըսածս ապացույցներով և կենդանի վկաներով կարող եմ հաստատելու։ Այո՛, գետինները կը քալեն. ուստի անոնք որ կղզվույն հարավային կողմը գետին ունենալ կուզեն՝ պարտավոր են հյուսիսային կողմեն գետին ծախու առնել, քանի մը օրվան մեջ այդ գետինը դեպի հարավ ճանբա կ՝ելնե։ Անոնք որ ծովեզերքին վրա գետնի տեր ըլլալ կուզեն, ծովու մեջ քանի մը հազար կանգուն գետին առնելու են. շաբաթվան մը մեջ այդ գետինը ծովեզերքին վրա կուգա կը հաստատվի։ Սա ալ մտքե հանելու չէ, որ եթե գետին մը ծախու առնելու ըլլաս չորս կողմը պատ քաշելու ես, վասնզի եթե պատով չշրջափակես զայն՝ այնչափ կը քալե, որ ծովեն անցնելով Թարթալ կերթա և երբեմն ալ այնչափ կերթաք որ բոլորովին անտեսանելի կ’ըլլա։