Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց ի՜նչպես կը քալեն այս գետինները, բնավ հավատալիքս չգար։


— Եթե չես հավատար՝ փորձի համար քանի մը հարյուր կանգուն տեղ ա՛ռ և կը հավատաս։


— Ուրեմն այդ գետինները քալեցնո՞ղ մը կա։


— Չգիտեմ, բայց բարեկամներես մին կըսեր, թե կղզվույն գետիններն անիվի վրա դրված ենք կրնաս զանոնք տանիլ ուր որ ուզես:


— Այդ անիվը դարձնո՞ղ մը կա արդյոք։


— Հարկավ։


— Այդ դարձնողը կրնա՜ս ինձի ներկայացնել։


— Ի՜նչ պիտի ընես։


— Պեռյուք Տերե տուն մը ունիմ այնպիսի թաղի մը մեջ, որ բնավ հարգ չունի, եթե այդ մարդն իմ տունս Պեռյուք Տերեյի ծովեզերքն քալեցունե՝ հազար ոսկի կուտամ իրեն։ Կը քալե՜ արդյոք։


— Կղզվույն մեջ ոչ միայն կը քալե, այլ կը վազե, բայց չգիտեմ թե Պեռյուք Տերեյի մեջ ալ կը քալե։


— Շատ բան, շատ բան, գետինին ալ քալելը բնավ լսած չունեի, ըսել է թե այդ կղզվույն բնակիչներն չեն շարժիր, կը պառկին և կը քնանան։


— Ինչո՜ւ։


— Վասնզի այդ երկրին մեջ, ուր գետինը կը շարժվի՝ մարդերը պարտավոր են չշարժվիլ։


Թողունք ալ այս շարժման խնդիրն և դառնանք կղզվույն։ Այս կղզվույն վրա կատարյալ ծանոթություն մը տալու համար կը հիշեմ քեզ բժշկի մը պատասխանը, զոր տված է շոգենավի մեջ յուր մեկ բարեկամին, որ Գընալը կերթար. «Կը զարմանամ թե Գընալըյին ինչո՛ւ այսչափ կարևորություն կը տրվիք ըսավ բժիշկը, հոն ուրիշ բան չկա՝ եթե ոչ չընար մը և Ասապա էֆենտի մը»։ Ասապա էֆենտին, որ ազգային երեսփոխան ալ է՝ կղզվույն պետն է։ Ով որ ցավ կամ դատ ունի՝ անոր կը դիմե, որ խրատելով և հաշտեցունելով ետ կը դարձունե զանոնք։ Կղզվույն մեջ ամենեն կը հարգվի իբրև