Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՆԻ ՔԱԲՈԻ

Սքանչելի օդ ունի...


Ենի քաբուցին առավոտուն արթննալուն պես կզգա, թե յուր գլուխն վրան Է և թե գողերը չեն կտրած զայն, սակայն երբ գլուխն վերցունել ուզե՝ հուսահատություն կուգա յուր վրա, վասնզի գլուխն այնքան ծանր է, որ չկրնար վերցունել զայն։


Արդյոք այս գլուխներն շատ մեծ են և ատոր համար չեն կրնար վեր առնել զանոնք։ Չեմ կարծեր։ Արդյոք այդ գլուխները շա՜տ լեցուն են և ա՜յդ պատճառավ է որ ծանրակշիռ են: Միթե չգիտե՜ս, որ Ենի Քաբույի մեջ պարապ գլուխներն ալ, որ թեթև ըլլալու Էին՝ ծանր կը կշռեն։ Թեթև երիտասարդներու համար ինչ պատվական թաղ։ Արդ, Ենի քաբուցին երբ անկողինեն ելնել ուզե՝ ուրիշ մեկը պիտի գա իրեն օգնելու, գլուխն վերցնելու, որպեսզի կարողանա կանգնիլ, հայկական հատկանիշ, ապա թե ոչ շաբաթներով կը պառկի։ Ենի քաբուցիին գլխուն ծանրությունը ապացուցված է գողության դեպքով մը, որ հետևյալն է. Ենի քաբուցի երիտասարդ մը իր նշանածեն համբույր մը գողնալու համար գիշեր մը անոր տունը կերթա։ Աղջկան հայրն, որ խավարյալ էր և չէր ուզեր յուր ապագա փեսան հարսանիքեն առաջ տանը մեջ տեսնել կիմանա, որ փեսան դռնեն կամացուկ մը ներս մտած է, ուստի կերթա զայն հանդիմանելու։ Փեսան յուր ապագա տները տեսնելուն պես՝ պատուհանեն վար կը ցատկե, գլխիվայր գետին կիյնա և քանի մը րոպե ալ այնպես կը մնա։