Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ասկե փորձված է, որ Ենի քաբուցիին գլուխն ամբողջ մարմինեն ծանր է։


Սույն թաղն երկու վարժարան ունի, մին մանչերու և մյուսն աղջիկներու համար։


Այս վարժարաններն այժմ միացած են Քում Քաբույի վարժարաններուն հետ և մեծ հույս կուտան, որ ապագային մեջ ալ չպիտի կրնան լավագույն վիճակ մունենալ՝ եթե հոգաբարձության ուսումնական անդամներն իրենց դերը կատարելու վախնան:


Երբ ազգային մեծ խնդիրներ երևան կուգան՝ այս թաղն պատերազմի դաշտ կորոշվի։ Սահմանադրության վրայոք վեճերուն և ուրիշ կարևոր խնդիրներուն համար կարևոր կռիվներ տեղի ունեցած են հոս, անգամ մը կռիվն այնքան ծանր կերպարանք առավ, որ Ենի քաբուցիի մը գլխեն ավելի ծանրացավ և թաղին եկեղեցվույն մեջ քսանեն ավելի անձեր վիրավորվեցան։


Նախորդ Թաղական Խորհուրդն, որ վարժարանները բարեկարգելու պաշտոնով ընտրված էր՝ եկեղեցվույն կից փողոցն բարեկարգեց և հասարակաց զվարճության համար չխնայեց և ոչինչ։ Անոր շնորհիվն է, որ եկեղեցվույն կից հրապարակը ծառերով զարդարվեցավ և այժմ պատիվն ունի տեսնել յուր վրա պարոններ և օրիորդներ, որք ամառվան գիշերները հոս կը խմբվին և անմեղ զբոսանքներով ժամանակ կանցունեն։ Նախորդ Թաղական Խորհուրդն յուր աշխատության պտուղն տեսնելով՝ բերնին ջուրերը կը վազցունե, թաղականն է, որ կը տեսնե պտուղն, սակայն երիտասարդներն են, որ կը քաղեն զայն։


Թաղիս ազգայինները երկու կարգի կը բաժնվին, արհեստավոր և դյուրակյաց:


Արհեստավոր մասն յուր պարապո ժամերն թաղին սրճարաններու մեջ նարտով և թուղթով կսպաննե։ Հոս ընդհանրապես իքի յուզ կը խաղան և այս խազին մեջ այնքան համբակ հանած են, որ եթե ուրիշ գեղերու մեջ իքի յուզի վրայոք վեճ մը ծագի՝ հոս կուգան վճիռ ընդունելու: