Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինեպաններեն, որանց յուրաքանչյուրն յուր գինին կը գովե և դրացվույնը կը պարսավե։


Հիվանդի համար հին գինի ունիմ պատվական, կըսե մին, և առողջի անգամ վնասակար գինի մը կուտա քեզի:


Սեղանի գինի ունիմ, կը պոռա ուրիշ մը, ցույց տողով գինի մը, որ ոչ թե սեղանի, այլ աթոռի գինի չկրնար ըլլալ։


Այսպես իրենց խոսակցությունն կամ այգիի վրա կը դառնա և կամ գինիի վրա։


Քարթալցին եկեղեցասեր է. ժամկոչը փատ ի ձեռին ամեն առավոտ դռները կը զարնե և կարթնցնե բարեպաշտ ժողովուրդն, որ աղոթքին երթա։ Հայտնի չէ, որ փատե՞ն թե Աստուծմե վախնալուն համար եկեղեցի կերթան։ Ինչ որ ալ ըլլա՝ սա հայտնի է, որ կը սիրեն իրենց եկեղեցին, թող մյուս թաղականներն ալ իրենց ժողովուրդներն ոստիկաններու միջոցավ եկեղեցի բերել տան։


Թաղային վարժարանն, որ շատ տարիներե ի վեր խեղճ էր, դասատու չունենալուն պատճառավ՝ այժմ ավելի խեղճ է՝ դասատու մը ունենալուն համար։ Վասնզի դասատու մը վարժարանեն ներս մտնելուն պես՝ վեճն ալ քանի մը շաբաթեն կը մտնե թաղեցիին մեջ։ Աս ընդհանուր օրենք մ՛ է։


Կա հոս բարի քահանա մը, որ շատ տարիներե ի վեր կ՛տրածե այս հոտն և շատ տարիներե ի վեր գինի կը ծախե. Կաթողիկոսն եթե Քարթալ գա՝ շաբաթվան մը մեջ գինվո վաճառականության կսկսի, պանդուխտ քահանա մալ կա, որ գյուղին քահանային օգնականն է թե եկեղեցվո մասին և թե գինվո։


Կիներն ալ այրերուն պես այգիները կերթան գործելու։ Ասոնք Պոլսո մյուս թաղերուն թերություններեն զերծ են անոր համար, որ այգի մշակելեն ժամանակ չեն կարող գտնել, թերություն մշակելու։ Պարզասեր, աշխատասեր, հավատարիմ և բարի քրիստոնեուհիներ ըլլալու ստիպված են այս գեղին մեջ։


Հոս կը գտնվի այնպիսի հյուր մը, որ իրեն զավակներն անոթի թողլով ուրիշներուն կիներուն և քույրերուն համար հանգանակություն կընե։