Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՆՏԻԼԼԻ

Ահա գեղ մը, ուր ոչ քոլերա մտած է և ոչ նորաձևություն:


Հայու քսան և հինգ տուն կա։


Պարոն Աբրահամ Այվազյան քանի մը տարիներ առաջ հանգանակություն ընելով հաջողած է կանգնել վարժարան մը, որուն մեջ թաղին տղաները միշտ կը կարդան այն բաները, զորս կավանդեն մանկավարժներն նախնական դպրոցներու մեջ։ Ավելորդ է ըսել, թե կամ թաղին տղաները բնավ չեն մեծնար և կամ թաղեցին աղքատ լինելով դասատուի մը ամսական վճարելու կարողություն չունի։ Գիտենք որ այս դպրոցին մեջ տարին քանի մը անդամ պեորեկ կուտեն աշակերտները, բայց չգիտենք, թե տարին քա՛նի անգամ ծեծ կուտեն։


Գեղիս աղգայիններն մեծ մասամբ նավավար են. եկեղեցին կը հաճախեն և գինետուն բնավ չեն երթար։ Դիտողության արժանի է, որ հօգուտ Հայաստանի սովյալներու երեսուն ոսկի գոյացավ այն նվերներեն, որք հավաքվեցան այս գյուղին մեջ:


Կիներն յազմա կը բանին և ստակ շահելով երբեմն իրենց ամուսիններուն պարտքերն ալ կը վճարեն։ Կիներն էին, որ անցյալ տարի կռվեցան գերեղմանատան մեջ գերեղմանի խնդրույն համար։


Ասոնք պարզասեր, աշխատասեր և հավատարիմ ըլլալով Հանդերձ՝ ազգային զգացում ալ կը կրեն, իրենց աղջիկները միշտ ազգային երգեր կերգեն։


Ծեր քահանա մը ծեր ժամանակե մ՛ի վեր քահանայություն կը գործե և վեճի մը առիթ տված չէ բնավ։