Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՆԻ ՄԱՀԱԼԵ ՍԱՄԱԹԻՈ

Այս թաղը Սամաթիո ձագն է և ամեն նկատմամբ յուր հորը կը նմանի։


Հոս ալ թաղականի կռիվները պակաս չեն, բայց հրաշագործ Մկրտիչ եպիսկոպոսի շնորհիվ այժմ կռիվները առաջվան պես մշտնջենական չեն, այլ առժամանակյա։ Վարժարանին գալով՝ հայտնի է, որ թաղային վեճերու մատնված թաղի մը վարժարանն գոհացուցիչ չկրնար ըլլալ։


Թաղիս այրերն և կիներն ազգային զգացում ունին, միջին դասեն ըլլալովն շողոքորթություն չեն գիտեր և ճշմարտությունը բարձրաձայն կը խոստովանին։


Այրերն օղին կը սիրեն, ինչպես նաև գինին, ասոր համար շատերն իրենց հետը լապտեր կառնեն, որ եթե ուշանան գինետան մեջ՝ մութուն չստիպվին երթալ իրենց տուները։


Հրաշագործը հոս հրաշքներ կընե և հիվանդներ կը բժշկե։


Օդը լավ է, բայց թաղեցին օդեն ավելի դրամը կը սիրե։