Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բռնավոր մը կա, որ գեղեցիկ անվան տակ ծածկված՝ զմեզ գերության կը դատապարտե նույն իսկ այն առանձնաշնորհմանց մեջ, զորս մեր կամքն կը շնորհե մեզ և որոց չհակառակիք օրենքն։ Այս բռնավորը բնության ալ կը հակառակի և թույլ չտար անոր, որ ազատ համարձակ գործե մարդ էակին վրա։ Այս բռնավորը քաղաքավարությունն է։ Այս բռնավորին հակառակորդներն անկիրթ կանվանվին հանիրավի:


Այս քաղաքավարությունն քաշվելու բան չէ մանավանդ անոնց համար, որ կը սիրեն և տրամադրություն ունին բնության օրինաց հետևիլ և այս ընթացքով երջանկություն գտնել։ Հասկցնելու համար, թե որչափ կչարչարվին, կը հարստահարվին այս խեղճերն, արժանի կը զատենք քանի մօրինակներ մեջ բերել։


Բարեկամներեդ մեկուն անվան տոնախմբության ներկա գտնվիլ կը փափագիս։ Ընթրելեն հետո կելնես, բարեկամիդ տունը կերթաս, ուր սիրալիր ընդունելություն մը կը գտնես։ Մեկ ժամու չափ նստելեն ետքը աչքերդ կսկսին գոցվիլ, և կուզես բազմոցի վրա ընկողմանիլ։ Քաղաքավարությունը կարգիլն։ Ախորժակով ընթրած ըլլալով՝ գոտիդ քիչ մը թուլցնելու կամ քակելու պետքը կզգաս։ Հրավիրելոց առջև ասանկ պետք մը զգալն հակառակ է քաղաքավարության։ Քունը երթալով կը ծանրանա արտևանանցդ վրա։ Բազմության մեջ եկող քունն անկիրթին մեծն է, վանել հարկ է այդ քունը։ Բնությունը քնացիր կըսե, քաղաքավարությունը մի քնանար կը պոռա։