Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քաղաքավարությունը միշտ կը պոռա, թե բարեկամի մը խանութը ճաշարան չէ։


Պապիկ աղան խոսք տված է մեկուն. ժամադիր եղած է մեկու մը հետ։


Թող անոթի երթա ժամադրության տեղը, կըսե քաղաքավարությունը։


Պապիկ աղան կը հնազանդի։ Նույն օրն անոթի կանցունե և իրիկվան տուն կը դառնա թեթև տկարությամբ։


Այս ապաշխարանքին փոխարեն մարդկությունն ի՞նչ վարձատրություն կընե Պապիկ աղային, որ քաղաքավարության դեմ չմեղանչելու համար օր մը ծոմ պահեց։ Ոչինչ. Ո՞վ իմացավ Պապիկ աղային այս զոհողությունն։ Ո՛չ ոք։ Բայց Աստված չընե, եթե փողոցն ուտելով քայլեր՝ ո՜րքան խոսքեր պիտի լսվեին...


— Իմացա՜ք Պապիկ աղային ըրածը։


— Վաճառականի մը կը վայլե՞, եղբայր։


— Յուր վարկը կոտրեց. մե՜ղք, բիացայի վրա 20.000 ոսկվո վարկ ուներ։


— Քիչ մը համբերեր թո՛ղ, փաթլամիշ չպիտի ըլլար յա...


Թորոս աղան առավոտուն տունեն կելնե բեռնավորյալ այն հանձնարարություններով, զորս կինն ընդհանրապես կընե Էրկան, և որոնց գործադրությունն միմիայն դրամով կ՝ըլլա։


Թորոս աղա դրամ չունի և սակայն յուր տիկնոջ հանձնարարությունները կատարելու փափագ ունի։


Դժվարություն չկա Թորոս աղային կացությունը գուշակելու։


Շուկան չգացած՝ զբոսարան կ՝երթա, ըստ յուր սովորության առավոտյան խահվեն խմելու համար։ Զբոսարանի մեջ կան ուրիշներ ալ, որ կը խոսին այլ և այլ նյութոց վրա։ Թորոս աղան յուր սիկառը կը պլորե և խահվե մը կապսպրե։


— Ա՛հ, Թորոս աղա, կը պոռա զբոսարանի մեկ անկյունը