Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նստե՛ պե՛ մարդ, էնֆիյե մը քաշե՛ նայիմ սըկեց։


— Ժամանակ չունիմ նստելու, արդեն ուշ ալ մնացի։


— Ծո՛, սա տոմինոն բեր, ըսի, չիմացա՞ր, խո՞ւլ ես, ի՞նչ ես։


— Մնաք բարով։


— Թող չեմ տար, այսօր գործի պիտի չերթամ ես, դուն ալ մի՛ երթար, ժամանակ կանցուցենք հոս։


— Չէ, ճանըմ, գործի օր է, չեմ կրնար նստիլ։


— Խոսքս կոտրես պիտի։


— Թորոս աղա, դուն ալ երկար ըրիր ա՛, այսչափ նազ չեն ըներ, նստե՛ կըսեն կոր նե, կը նստին, կ՝ըսեն հոն գտնվողներեն մեկ երկուքը։


— Գործ ունիմ, էֆենտիմ, գործ։


— Բարեկամաց ալ խաթրը կը սեպեն քիչ մը, էֆենտիմ, խաթըր իլին չիյ թավուք եինիր:


Թորոս աղային ճարը կը հատնի և կստիպվի հպատակիլ հասարակաց կարծյաց։


Տոմինոն կը բերեն։ Թորոս աղան կարելի եղածին չափ շուտ կը խաղա, որ ժամ առաջ խալսի այս փորձանքեն։ Ստեփաննոս աղան մեկ քար դնելուն մեյ մեկ պատմություն կընե, մերթ անցած պատրիարքաց վրա, երբեմն Սահմանադրության վրա և միշտ ազգային լրագրության վրա, այնպես որ Թորոս աղան ժամերով կսպասե, որ կարգն իրեն գա խաղալու։


Կրնամ երևակայել, թե ի՜նչ կզգա Թորոս աղան, ես որ այս տողերը գրած ժամանակս հազար անգամ աթոռիս վրա կը ցատկեմ։


Թորոս աղան ինքզինքը կուտե։ Ստեփաննոս աղան կը զարմանա Թորոս աղային աճապարելուն վրա։


Ժամ ու կես կը տևե տոմինոն. Ստեփաննոս աղան կը կորսնցնե խաղը։


— է՛յ, Թորոս աղա, րախիները եկան, բարթի մ՝ալ խաղանք։


— Ոտքդ պագնեմ, Ստեփաննոս աղա, կ՝աղաչեմ, զոո մի ըներ, չոլուխ չոճուխի տեր եմ ես։