Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրնամ հոս սղմիլ, կըսե ու, որպես թե տեղ գտած է. Մելքոն աղային ծունկին վրա կը նստի:


— Անհանգիստ չըլլաք...


— Ամենևին, ամենևին, դուք ձեր հանգիստը նայեցէք, կարծեմ թե ձեզի քիչ մը անհանգիստ ըրի:


— Ոչ:


— Զմեռ է հիմա, սըխ նստինք նե, կը տաքնանք։


— Այո՛:


— Եթե պեոյուզյուր եղաք՝ կաղաչեմ, ըսե՛ք:


— Ոչ, կը պատասխանե Մելքոն աղան, որ հազիվ կրնա շունչ առնել:


— Ի՞նչ կա, ի՞նչ չկա, նայինք, Մելքոն աղա։


— Ոչինչ:


— Տունը ի՞նչպես են, չոճուխները աղե՞կ են։


— Խաթըրդ կը հարցունեն։


— Ողջ ըլլան։


Մելքոն աղային ծունկերը կ՝սկսին թմրիլ, քրտինքը ճակտեն կը վազե, ի՞նչ ընե, քաղաքավարությունը կը պահանջե, որ մեր բարեկամները չվշտացնենք ոչինչ բաներու համար։


— Վայ կիտի Մելքոն աղա, վայ, ասանկ հեե՜... զիրար պիտի տեսնենք եղեր թրամվեյի մեջ, աղբար, րահաթ չնստի՞ս, սանկ ոտքերդ չերկնցնե՞ս...


Մելքոն աղան չպատասխաներ, ոտքի կելնե և յուր տեղն բարեկամին կը հանձնե։


— Ի՞նչ, անհանգի՞ստ եղար։


— Չէ, այսօր շատ նստեցա տե, ատոր համար ոտքի վրա կայնիլ կուզեմ քիչ մը։


— Ատ ուրիշ, ես կարծեցի, որ պեոյուզյուր եղաք։ էյ, Մելքոն աղա, սա թրախոման մեր ազգին տունը կը քանդե կոր, ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, քանի կը մտմտամ կոր նե, խելքս կը թռցունեմ կոր։


— Իրավունք ունիք։


— Բայց այս խնդիրք խիստ կարևոր բան մ’է, ատանկ երեսի վրա ձգվելու խնդիրներեն չէ։