Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Եվ Մելքոն աղային թևը կը քաշե ուժով, որպեսզի անոր զգացնե խնդրույն կարևորությունը։


— Այնպես է, կը պատասխանե Մելքոն աղան։


— Եղբայր, մեր ազգին մեջ այս բանին կարևորություն տվող չկա, կը հարե բարեկամն՝ ոտքերովն Մելքոն աղային ոտքերուն զարնելով։


— Կը հասկնամ կոր, աղբար, կը հասկնամ կոր։


— Այնպես որ թրախոմա տալու կարողություն չունեցող խեղճ աղջիկները տունը մնալու կստիպվին կոր... աս ի՞նչ սարս՛ափելի բան է, աղբար, չպատասխանե՞ս...


— Ի՞նչ պատասխանեմ...


— Մահու և կենաց խնդիր մէ այս։


Բարեկամն ամեն խոսելուն կամ ձեռքովը Մելքոն աղային կուրծքին կը զարնե, կամ ոտքովը անոր ոտքերուն վրա կը կոխե, կամ անդին կը հրե, կամ ասդին կը քաշե։ Եվ խոսք հասկցնելու այս եղանակն հազվադեպ չէ մեր ազգին մեջ։ Տեսակ մը պերճախոսություն, որ ունկնդիրները ծեծելու վրա կը կայանա։


— Իրավունք ունիս, ճանըմ, բայց ես ի՞նչ ընեմ։ Ըսածդ կը հասկնամ կոր։


— Կը հասկնաս կոր, բայց անտարբեր կը կենաս կոր, պապամ, կ՝ըսե Գասպար աղան և Մելքոն աղային թևն ուժով կը սխմե։


Կառքին մեջ գտնվողներն կը խնդան այս տեսարանի վրա, բայց մեր բարեկամն չհասկնար և կը շարունակե ծեծել Մելքոն աղան, որուն համբերությունը կը հատնի և կառքը Չենպերլի Թաշ հասնելուն պես ինքզինքը կառքեն դուրս կը նետե։


Ի՞նչ ըներ Մելքոն աղան, կրնա՞ր ըսել բարեկամին, որ ըրածն քաղաքավարության դեմ էր, անկրթություն էր։ Ո՛չ։ Քաղաքավարությունը բացարձակ կերպով կը դատապարտե անկիրթ ըսելը, ուստի, Մելքոն աղան անկիրթ երևալեն լավ համարեց ծեծ ուտելը։


Այս տողերը գրողն ալ օր մը այս տեսակ երկու պերճախոսներու մեջտեղը գտնվեցավ դժբախտաբար, և մազ մնաց,