Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անուշ չպիտի՞ առնեք այսօր, հրամմեցե՛ք, կըսե տան տերը։


Վերջապես Արիմելեք աղան կը հավանի նախապատվությունն ընդունիլ և երկար պատմությամբ մը պարզելե հետո այն պատճառներն, որոց համար կուզեր ամենեն վերջը ուտել անուշն, կը բարեհաճի զգալ մանուշ առնելու և ավուր պատշաճի բարեմաղթություններն ընելե հետո անուշն ուտելու։


Մարդը Համբարձում աղային է։


— Շնորհավոր նոր տարի, Կիրակոս աղա։


— Շնորհակալ եմ, կը պատասխանե տան տերը։


— Եվ բարի կաղանդ։


— Շնորհակալ եմ։


— Եվ Աստվածահայտնություն տեառն մերո։


— Ողջ ըլլաք։


— Ուտիք է մեզ ութ օր և անձրևաբեր հողմունք։


— Այո՛։


Համբարձում աղան ալ կը կատարե յուր պաշտոնն, թեև կը մոռնա Գերմանիո կայսեր գահակալության տարեդարձը հիշելու։


Գաբրիել աղան դգալն անուշամանի երկնցնելով կսկսի բարեմաղթությանց։


— Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ և Աստվածահայտնություն։


— Շնորհակալ եմ։


— Աստված շատ տարիներու հասցնե խնդությամբ։


— Բարեկամոք հանդերձ։


— Աստված քետեր չցցունե։


— Ամեն։


— Աստված քյար պերեքեթ տա։


— Ամեն։


— Տեր Աստված ձեր տունը շեն պահե։


— Ողջ ըլլաք։


— Փեսաներ առնեք, հարսներ առնեք։


— Շնորհակալ եմ։