Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղջիկն դուրս կելնե։ Դյուրին է գուշակել, թե ինչ կըսե մտքեն։


— Պատվե՛լի, մահանայով տուշ ըրիր հե՞...


— Քիչ մը թրջեցավ վրան։


— Ժեռոտելե բասթիյլեն քսեցեք վրան։


— Կը չորնա, կը չորնա։ Մնաք բարով, պատվելի։


— Երթաք բարով, էֆենտիմ։


— Մնաք բարով, պատվե՛լի։


— Երթաք բարով, պեյըս։


— Կեցիք բարով, պատվե՛լի։


— Երթաք բարով, էֆենտի՛ս։


Ա՜հ, աս քաղաքավարության ձեռքեն մեր քաշածը... մանավանդ դասատուներուն քաշածը։


Բայց աս ալ բան մը չէ, ավելի սարսափելիները կան։


Մտիկ ըրե՛ք:


Վաճառական մես։ Եվ ես չեմ մեղադրեր զքեզ վաճառական ըլլալուդ համար, որովհետև մեղավորը դու չես, այլ այն, որ զքեզ վաճառականության առաջնորդեց։ Չեմ ալ նախատեր զքեզ, այլ, թող ներվի ինձ անաչառաբար խոսիլ, կը վարվիմ հետդ այնպես, որպես պիտի վարվեի քսակահատի մը հետ, այսինքն քեզի հետ գործ ունեցած ժամանակս կզգուշանամ, որ չխաբվիմ, ո՛չ թե խրատվելով Վովնարկի սա խոսքեն, թե «Վաճառականությունը խաբեյության արհեստն է», այլ հենլով անձնական փորձառությանս, որ հանդգնություն կուտա ինձ բարձրաբարբառ խոստովանիլ այսօր, թե հարյուր վաճառականներու մեջ երկու վաճառական ճանչցած եմ միայն, որ սուտ չեն խօսիր... բայց, արի տես, որ այս երկու վաճառականներն ալ բնավ չեն խոսիր։


Վաճառական մես, ըսինք, և ամչնալու պատճառ մը չունիս։ Առավոտուն կանուխ վաճառատունդ կերթաս, որոգայթներդ կը լարես և ամեն բան կը նյութես, որպեսզի չփախցնես որըն, որուն կսպասես ժամե ժամ։ Մեծ վաճառական մես,