Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա մես, ուստի վաճառատանդ մեկ անկյունը քաշված, աչերդ կը սևեռես վաճառատանդ դռան, ուսկից պիտի գա որսն։ Քանի մի ժամեր կուգան, կը հոլովին, կը սահին, կանցնին, կերթան, և ահա հաճախորդ մը կերևա դռան առջև։ Անմիջապես ոտքի կելնես, կը վազես դիմավորելու հաճախորդդ և բազմոցիդ վրա բազմեցնելու։ Խահվե կը հրամցնես իրեն, կը շաղոքորթես, կը շոյես զինքն, կը քծնիս իրեն, չափազանց հարգանքներով կը շրջապատես զինքն և մեկ ժամ շարունակ սուտ կը խոսիս։ Գրագիրդ ալ ուրիշ սուտերով հաստատություն կուտա սուտերուդ։


Հաճախորդդ քիչ մը պարարտ է, երեք չորս հազար ոսկվո գնում մը պիտի ընե։ Այլ և այլ ապրանաց օրինակներ կուզե, ցույց կուտաս՝ գովեստներ կարդալով անոնց վրա, միայն թե դափնյա պսակներ չես բոլորեր ապրանացդ ճակտին վրա։


— Այս ապրանքը հրապարակի վրա՛ չգտնվիր, մասնավորապես մեզի համար ապսպրած ենք։


— Շատ ընտիր ապրանք է, կը հարե գրագիրդ, որուն հետ փոխասաց կը՛լլաս։


— Սքանչելի ապրանք մէ, նմանը չկա։


— Ո՜ւր էր թե քանի մը հազար հակ ունենայինք այս ապրանքեն։


— Ապրանք մորու գույնը չշրջիր:


— Ապրանք մոր հազար անգամ իսկ եթե լվացվի, չփոխեր յուր գաղափարը։


— Սկզբունքի տեր ապրանք մը։


— Եվ հաստատ սկզբունքի տեր, որովհետև բնավ չպատռիր։


— Հարյուր տարի կրնա գործածվիլ։


— Ի՞նչ կըսեք, տեր իմ... հարյուր տարի... հարյուր հիսուն տարի, երկու հարյուր տարի, երեք հարյուր տարի...


Ծիծաղ — Շիրիմ մը կանգնեցեք սա ապրանքին վրա, ո՞վ հարուստներ...։


— Շատ պատվական ապրանք է։


— Եվ ամեն մարդու ալ չենք ցուցներ սա ապրանքը։