Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Զձեզ մեր վաճառատան վարժեցնելու նպատակով է, որ հանեցինք այս ապրանքը։


— Ներեցեք մեզի՝ ձեզի աղաչելու, որ չըսեք ուրիշին, թե այս ապրանքը մեր վաճառատունեն առիք:


Ասոր նման հազար ու մեկ խոսքերով վերջապես կը հաջողիք դու և գրագիրդ հավնեցնել ապրանքներդ։ Մարդը կուգա սակարկության։


— Վերջնական գին մը պիտի զրուցեմ։


— Մեր էֆենտիին սովորությունն է միշտ վերջնական գին մը զրուցել։


— Սակարկութենե չեմ ախորժիր։


— Մեր էֆենտին բնավ չախորժիր սակարկութենե։


— Թերևս աղեկ բան մըլլա սակարկությունը, բայց իմ նաթուրայիս հակառակ է։


— Մեր էֆենտիին նաթուրային հակառակ է սակարկությունը։


— Շատ խոսք չեմ սիրեր։


— Մեր էֆենտին շատ խոսիչ չսիրեր։


— Ուստի, մեկ խոսքով, այս ապրանաց համար պիտի վճարեք երեք հազար ութ հարյուր մեկ քառորդ ոսկի և երկու դահեկան։


— Սխալեցաք, էֆենտի, սխալեցաք, չորս հազար ոսկիի մեզի ապրանք եղած են անոնք։


— Ի՞նչ կըսես։


— Սխալ հաշիվ ըրիք, էֆենտիս, սխալ, կեցիք, ցույց տամ այդ ապրանաց հաշիվներն, զորս Եվրոպայեն մեր գործատանեն ընդունած ենք։


Գրագիրն շինծու հաշվեցույցեր կը բերե և կը նետե առջևդ:


Դուն ալ որպես թե կը քննես և կը խոստովանիս սխալած ըլլլալդ։


— Սխալ հաշիվ եմ ըրեր։


— Չորս հազար հարյուր մեկ քառորդ ոսկի պիտի ըսեիք:


— Ինչ որ է, անգամ մը բերնես ելավ, խոսքս ետ չեմ առներ ես։