Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/276

From Վիքիդարան
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գրագիրը բարկանալ կը կեղծե և յուր գրասեղանին առջև կերթա քթին տակեն մռմռալու.


— Երեք հարյուր ոսկի վնասել խոսքն ետ չառնելու համար։


— Այո՛, բերնես ելավ, կը վճարեք այդ գումարն և կառնեք ապրանքները։


— Մեզի պես ապուշներն ամեն օր կը խաբեն ասանկ. եթե ես այս վաճառատան մեջ գրագիր չըլլայի, միշտ հոս պիտի գայի ապրանք դնելու, կը մռմռա գրագիրը։


— էֆենտի, կը պատասխանե հաճախորդը, ես ալ վերջնական գին մը պիտի տամ այն ապրանաց համար, երեք հազար յոթը հարյուր քսան ոսկի պիտի վճարեմ։


Որսը բռնվեցավ։ Հինգ հարյուր ոսկի կը շահիս. կուրախանաս հաղթանակիդ վրա, բայց անմիջա կան հավանության մը գայթակղություն պատճառելու հավանակությունը մեկ կողմե և քանի մ՝ոսկի ավելի փրցնելու անգթությունը մյուս կողմեն կը հարկադրեն զքեզ զարմացական եղանակավ մը պատասխանել հաճախորդիդ.


— Տղա՞ ես, աղբար, ապրանքը չճանչցար...


— Այդ ապրանքն ամեն մարդու հանելու չէ, կը մռմռա գրագիրն։


— Ներեցե՛ք, մարդ խաբելոլ համար նստած չենք հոս։


— Քսան ոսկի ևս տամ, կ՝ըսե հաճախորդը։


— Քսան ոսկիի խոսքը կ՝ըլլա՞... կ՝ուզեք նե, տարեք ապրանքներն և փարա մը մի՛ վճարեք. բայց խնդիրն անոր վրա չէ, ապրանքին արժեքը տալու եք։


— Տասն ոսկի ավելի տամ։


Հասած է ժամն համաձայնություն գոյացնելու և ոսկիներն առնելու, հետևապես կսկսիս կարճ, բայց ազդու ատենաբանության մ՝որով կընդունիս ինչ ինչ զիջումներ ընելու, և ահա ճիշտ այս միջոցին կարճ, բայց ազդու մարդ մը կը մտնե վաճառատունդ.


— Քրիստոս հարյավ ի մեռելոց։


— Օրհնյալ է հարություն Քրիստոսի: