Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքզինքը գինետունեն դուրս կը նետե և փողոցին մեջ կսպաս՛ե Մարկոս աղային, որ վերջին գավաթները կը խմե մի ըստ միոջե։


Գամիկ աղան քառորդի մը չափ կսպասե փողոցին մեջ և հետո գինետան սեմին վրա կելնե ու կը կանչե Մարկոս աղան։


— Մարկոս աղա, ուշ մնացինք։


— Կուգամ կոր։


Գամիկ աղան քառորդ մալ կսպասե. համբերությունը հատնելու վրա է, կուզե մեկնիլ, բայց քաղաքավարությունը չթողուր։ Ուստի նորեն կը կանչե։


— Մարկոս աղա, Մարկոս աղա, երթանք:


— Հիմա։


Գինովներուն հիմա—ն առնվազն քառորդ ժամ է:


— Մարկոս աղա, երկար ըրիր։


— Եկա։


Գինովներուն եկա—ն պիտի գամ է։


— Մարկոս աղա։


— Կաղաչեմ, քիչ մը... ներս եկուր, մեկտեղ ելլենք։


— Չեմ գար։


— Եկո՛ւր։


— Ո՛չ։


— Կը բարկանամ։


— Բայց պիտի երթանք։


— Այո՛։ Ահա եկա։ Կարծեմ քեզի սպասցուցի քիչ մը։


— Վնաս չունի։


— Քեզի տեսա, չիյտես ո՛րչափ գոհ եղա, այս իրիկուն քեյֆս քեզի պարտական եմ. ոտքի վրա հատ մը կը տնկե՞ս։


— Չէ՛, երթանք։


— Շատ աղեկ, երթանք։ Կենդանություն։


— Անուշ։ Երթանք։


— Այո՛, երթանք։


Երկու բարեկամներն ճանբա կ՝ելնեն և քանի մը փողոց դառնալեն հետո տուն կը հասնին։