Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Օհ, օհ, օհ, ըսավ ինքն իրեն Գամիկ աղան, ասկից վերջը կերակուր պիտի եփվի, ու պիտի ուտենք։


— Վայ, Գամիկ աղա, վայ, մինչև որ կերակուրը պատրաստվի, կրնաք քանի մը գավաթ օղի խմել. ախորժակնիդ կը բացվի։


— Շնորհակալ եմ, Մարկոս աղան թող խմե։


— Պրիզոլան հիմա կըլլա։ Քիչ չպիտի մոռնամ այս գիշերվանը. վայ, Գամիկ աղա, վայ։


Սեղանի զանգակը կը զարնե։


Կը ցատկե Գամիկ աղան և ճաշի սենյակը կիջնե։ Չմոռնանք հոս հիշել, թե հարբուխը Գամիկ աղային ակռաներուն երեք քառորդը հափշտակած է։


— Պրիզոլային սա կտորն առեք, Գամիկ աղա, կըսե Մարկոս աղան։


Գամիկ աղան կառնե միսն և սպառազինվելով դանակով ու պատառաքաղով՝ յուր բոլոր ուժովն կաշխատի հոշոտել միսն։ Դանակը չկտրեր. ակռաներն, որ արդեն կորուսած են իրենց մեծամասնությունն, կարողություն չունին կտրելու. Գամիկ աղային անոթության վրա բարկությունն ալ կը բարդվի, և սակայն քաղաքավարությունը կը պահանջե, որ մսի խոշոր կտորներն առանց կոտորակելու կլլե և ցամաք հացով փորը կշտացնելու աշխատի։


— Գամի՛կ աղաս, պրիզոլայեն չե՜ք ախորժիր, կը հարցնե տիկինը։


— Շատ կախորժիմ, կուտեմ կոր, կերա, շնորհակալ եմ պիտի ուտեմ, հոգ մի ընեք։


— Գինի հրամմեցե՛ք։


— Կը խմեմ, շնորհակալ եմ։


Գինին քացխած է, և քաղաքավարությունը թող չտար, որ հյուր մը տան տիրոջը հայտնե ասանկ ճշմարտություններ:


Գամիկ աղան չուզեր խմել. տիկինը կստիպե։


— Իմ խաթերս համար սա բաժակը պիտի խմես։


Գամիկ աղան կստիպվի խմելու։


— Բաժակ կառաջարկեմ Գամիկ աղայիս կենդանությանը: