Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գամիկ աղան կստիպվի խմել երկրորդ բաժակն ալ:


Մարդս ոչ միայն յուր թերություններն, այլ յուր սեղանին թերություններն ալ չտեսներ եղեր։


Գամիկ աղան անոթի փորանց քացախ կը խմե, մինչև որ վերջապես ձուկը կը բերվի սեղան։ Դանակներն, պատառաքաղներն ու պնակները կը փոխվին, Գամիկ աղան պատառաքաղով ու դանակով ձուկ կերած չէ կյանքին մեջ, մատները կը գործածե անոնց տեղ։ Բայց այսօր քաղաքավարությունը պարտ կը գնե վրան՝ տան տիրոջը սովորության սովորիլ։ Ե՞րբ պիտի սովրի և ե՞րբ պիտի ուտե։


— Չեք ուտեր կոր, Գամիկ աղա, կըսե Մարկոս աղան, կարծեմ չախորժեցաք մեր կերակուրներեն։


— Քավ լիցի։ Կուտեմ կոր։


— Ձուկը գեշ չէ եղեր։


— Աղեկ է։


— Վայ, Գամիկ աղա, վայ։ Միայն թե փուշը քիչ մը շատ է, ըստկելը դժվար է:


— Ինձի համար բան մը չէ։


— Մի՛ քաշվիք, կ՝աղաչեմ։


— Հոգ մի՛ ընեք։


— Իմ կենդանությանս բաժակ մը չե՞ք խմեր։


— Ինչպե՞ս չխմե, քառասուն տարին անգամ մը մեզի կերակուրի եկավ տե... վայ, Գամիկ աղա, վայ, իրավ որ շատ գոհ եղա ձեր գալեն։


Գամիկ աղան երրորդ անգամ կը կլլե քացախը։


Երրորդ կերակուրը կը բերվի, սերկևիլով միս։ Գամիկ աղան բնավ չախորժիր այդ կերակուրեն, բայց ուտել ձևացնելով պանիր ու հացով կը կշտանա։


Կերակուրեն հետո խահվե կը բերվի, և Մարկոս աղան կսկսի, օգնությամբ տիկնոջն, չորս ժամ շատախոսությամբ գլուխն ուռեցնել իր հյուրին, որ կսկսի մրափել նստած տեղը։


Պառկելու համար սենյակ մը ցույց կը տըվի Գամիկ աղային։ Հազիվ կը մտնե տնկողին, մլուկները վրան կը հարձակին և կստիպեն զինքն ելնել, ճրագ վառել և տեսնել, թե